«Հայկ Մարությանը փորձում է ընդդիմության հետ կապ հաստատել, չգիտեմ՝ ինչ առաջարկներով». Թեհմինա Վարդանյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի կարծիքով՝ վերջին 2.5-3 տարվա ընթացքում գործող իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայել՝ ցածր մակարդակի իջեցնելու ժողովրդի այն հատվածի գիտակցությունը, որի վրա նրանք աշխատում են՝ անելով էժանագին լայվեր, շոուներ, էժանագին մանիպուլյացիաներ:

«Ժողովուրդն ուղղակիորեն դարձել է իներտ: Ես մեկ անգամ չէ, որ ասել եմ, որ նոյեմբերի 10-ին, երբ առավոտյան տնից դուրս եկա, լրիվ այլ պատկեր էի ակնկալում տեսնել, սպասում էի, որ ժողովուրդն ուղղակիորեն փողոցներով, պողոտաներով պետք է գնա որևէ կետ՝ կլինի դա Հանրապետության հրապարակ, Ազատության հրապարակ թե կառավարության շենք՝ բարձրացնելու իր բողոքի ձայնը, այսինքն՝ ի՞նչ ես անում, ո՞նց ես վաճառում երկիրը, ո՞նց ես կապիտուլյացնում, բայց ի զարմանս ինձ և ցավալիորեն, ժողովրդի մի լայն շերտ ուղղակի լռեց: Ժողովուրդը ևս հոգնել է տարբեր քաղաքական վայրիվերումներից և շատ քաղաքական ուժերի չի հավատում: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ սա ո՛չ ընտրության հարց է, ո՛չ քարոզարշավ է, ո՛չ մանր տնտեսական խնդիր է, մենք երկիր ենք կորցնում, և բոլորը պետք է ոտքի կանգնեն: Ես հենց առաջին օրվանից գնում եմ բոլոր հանրահավաքներին և կարծում եմ, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր պարտքը համարի դա անել»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Թեհմինա Վարդանյանն ընդգծեց՝ այն խղճուկ վիճակը, որում հայտնվել է Հայաստանը մեր օրերում, պետք է անհանգստացնի յուրաքանչյուրին. «Ադրբեջանի ոմն նախագահ, ով մշտապես եղել է ճնշված և երևի իր ամբողջ պաշտոնավարման ընթացքում այդքան հարցազրույց չի տվել և այդքան Հայաստանի անունը, իրենց իսկ բառով ասած՝ դուխ չի ունեցել շոշափի, հիմա օրը մեջ մատ է թափ տալիս բոլորիս վրա: Սա չափազանց նվաստացուցիչ է, և հուսով եմ՝ սա այս իշխանության վերջին վատ հետևանքն է: Այո, յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր պարտքը համարի դուրս գալ փողոց: Ես որևէ կուսակցությունում ներգրավված չեմ, որևէ փոխկապակցվածություն չունեմ, բայց այնտեղ գնում եմ (նկատի ունի «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքները.- Ռ.Մ.)՝ զուտ որպես քաղաքացի, որպեսզի գիշերը քնելիս՝ ինձ չմեղադրեմ ու չնախատեմ ոչինչ չանելու մեջ»:

Նա նշեց, որ հանրահավաքներին, երբ շփվում է քաղաքացիների հետ, նրանց միակ ցանկությունն է, որ գնան կտրուկ քայլերի. «Այսպես մենք օրըստօրե մետր-մետր, կիլոմետր-կիլոմետր երկիր ենք կորցնում, օրըստօրե Ալիևի լեզուն ավելի է երկարում, և սա անթույլատրելի է: Ես չեմ հիշում, որ ներկա իշխանությունները «դուխով» կեպկան դնեն և պատասխանեն Ալիևի հայտարարություններին»:

Դիտարկմանը՝ իշխանության ներկայացուցիչները դա գերիների հարցի հետ են կապում, նա այսպես արձագանքեց. «Ես այդ խղճուկ պատգամավորի խղճուկ վերաբերմունքին չեմ էլ ուզում անդրադառնալ: Դա նրանց հավաքական կերպարն է, և իրենք իրենց իմպոտենտ ես-ը դրանով մխիթարում են և փորձում են այդ հայտարարություններով պահել այն քաղաքացիներին, որոնք դեռ թմբիրի մեջ են գտնվում, և ինչո՞ւ չէ՝ խաղալ գերեվարված զինծառայողների հարազատների նյարդերի հետ: Սա շատ անմարդկային, տգետ և խղճուկ վերաբերմունք է, խղճուկ մտածելակերպ է»:

Հիշեցնենք, որ իմքայլական պատգամավոր Արման Եղոյանն ասել է. «Վարչապետը Ալիևին հայհոյի՞, թե՞ գերիների հարցը լուծի, ո՞րն եք ուզում, կողմնորոշվե՛ք»:

Անդրադառնալով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գործունեությանը և նրա խոսնակի հայտարարությանը, թե՝ Մարությանը Փաշինյանի առաջին հանրահավաքին չի մասնակցել, իսկ երկրորդին մասնակցել է, ուղղակի հարթակ չի բարձրացել, ժողովրդի մեջ է եղել, Թեհմինա Վարդանյանն ասաց. «Եթե Հայկ Մարությանը շարունակում է սատարել վարչապետին, թող հանրահավաքին բարձրանար հարթակ և հպարտ դեմքով կանգներ, եթե ոչ, ընդհանրապես չպետք է մասնակցեր որևէ հանրահավաքի, այդ պարագայում ես գոնե հարգանքի նշույլ կունենայի Մարությանի անձի և գործունեության հանդեպ, իսկ այսպես հեղհեղուկ վիճակը խոսում է ոչ լավ իմաստով Մարությանի ճկուն լինելու մասին:

Ես տարբեր տեղեկություններ ունեմ, որ Մարությանը փորձում է ընդդիմության հետ կապ հաստատել, չգիտեմ՝ ինչ մղումներով, ինչ առաջարկներով, այնուամենայնիվ, վստահաբար գիտեմ, որ ընդդիմադիր տարբեր քաղաքական թևերի հետ փորձում է հարաբերություններ հաստատել, երևի թե իշխանափոխությունից հետո իր աթոռը պահպանելու համար, որը, վստահաբար, մենք նրան թույլ չենք տալու»:

Ճշտող հարցին՝ խորհրդարանակա՞ն, թե՞ արտախորհրդարանական ընդդիմության հետ է Մարությանը փորձում կապեր հաստատել, նա պատասխանեց՝ արտախորհրդարանական:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս