Տնտեսական մուտքերով, գարաժներով խորհրդարան մտած մարդուն ո՞վ կհամարի պատգամավոր․ Գեղամ Մանուկյան
Դեմիրճյան փողոցի և Բաղրամյան պողոտայի խաչմերուկում մեկնարկեց «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը։
ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը մեկնարկի խոսքում հիշեցրեց երեկ հանրահավաքում շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի խոսքերը, թե ԱԺ պատգամավորների աշխատանքը որևէ մեկին պետք չէ, և, որ նրանք ունեն մեկ օրակարգով ԱԺ նիստերին հաճախելու պարտադրանք, այն է՝ նոր վարչապետի ընտրությունը․ «Հստակ էր հարցը՝ ԱԺ-ի իշխանական պատգամավորները չպետք է հնարավորություն ունենան մուտք գործել ԱԺ շենք, եթե նրանք չեն ներկայացել մեկ օրակարգով՝ վարչապետի պաշտոնից Նիկոլ Փաշինյանի հրաժարական և նոր վարչապետի ընտրություն։
Ամբողջ օրը, ողջ գիշեր, հակառակ ակնարկներին, լուրերին, նաև լրատվությանը, որ չի բացառվում գիշերը ոստիկանական բռնի գործողություններ ցույցի մասնակիցների դեմ՝ մեր հարյուրավոր քաղաքացիներ, որոշները՝ ընտանիքներով, մնացին այստեղ՝ պատնեշի վրա։ Առավոտը լուսացրին այստեղ, մինչև կեսօրին «Իմ քայլ»-ի մի քանի պատգամավոր ասեցին՝ գիտեք, մենք կարողացել ենք մտնել ԱԺ շենք։
Երեկ այստեղ «Հայրենքի փրկության շարժման» ներկայացուցիչները, երբ խոսում էին, որ պատգամավորները չէին կարող մտնել, իրենք խոսում էին արժանապատիվ պատգամավորների մասին, խոսում էին տղամարդ պատգամավորների, թասիբ ունեցողների մասին։ Մտածում էի, որ այնքան թասիբ կունենան, որ կփորձեն Ազգային ժողով մուտք գործել պաշտոնական մուտքերով, բայց մենք գործ ունենք վախկոտների հետ․ տնտեսական մուտքերով, գարաժներով խորհրդարան մտած մարդուն ո՞վ կհամարի պատգամավոր» ։
«Պատգամավո՞ր են արդյոք մարդիկ, որ գլուխները կախ, գաղտագողի են մտնում խորհրդարան։ Այդպես գաղտագողի իրենց վարչապետն էլ է քայլում․ հինգ-վեց հազար ոստիկան շարում է, երկու հարյուր մետր քայլում է, սնայպերներ դնում է, հազարավոր ոստիկաններ հավաքում է, դպրոց է մտնում, և այս վերևը մեկ ուրիշ պաշտոնյա կա, որը զբաղեցնում է ՀՀ նախագահի պաշտոնը»,- եզրափակեց Գեղամ Մանուկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում