
«Մենք չենք ընդունում Ղրիմի հարցում Թուրքիայի դիրքորոշումը». Պեսկով

Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Թուրքիան շատ կարևոր և ռազմավարական գործընկեր է Ռուսաստանի համար: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Նա ընդգծել է, որ Անկարան և Մոսկվան սերտորեն համագործակցում են գրեթե բոլոր տարածաշրջանային հարցերում։
«Թուրքերի հետ շարունակվում է ակտիվ փոխազդեցությունը Ադրբեջանում մոնիտորինգի կենտրոնի շրջանակներում, որը հսկում է հրադադարի պահպանումը Ղարաբաղում և եռակողմ փաստաթղթով ձեռք բերված մյուս պայմանավորվածությունների կատարումը, ինչպես նաև շատ ակտիվ փոխգործակցություն է ընթանում Սիրիայում», – ասել է Պեսկովը։
Տարաձայնությունների շարքում Կրեմլի խոսնակը նշել է, որ չեն ընդունում Թուրքիայի դիրքորոշումը Ղրիմի հարցում, միաժամանակ հավելել,- «Մենք շարունակում ենք համբերատար բացատրել մեր տեսակետը և վստահ ենք, որ վաղ թե ուշ մեր թուրք գործընկերները կհասկանան, որ Ռուսաստանի դիրքորոշումը ճիշտ և իրավացի է»։
«Չնայած բարդ պահերին, որոնք եղել են Սիրիայում, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներին մշտապես հաջողվել է փոխզիջում գտնել։ Մենք բարձր ենք գնահատում մեր գործընկերների՝ նույնիսկ դժվարին իրավիճակներում փոխզիջումներ փնտրելու քաղաքական կամքը», – ասել է Կրեմլի խոսնակը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարում է, որ Ղրիմը չի ճանաչում որպես ռուսական տարածք: