Փաշինյանն Արտակ Դավթյանի հետ գնացել է ՊՆ
168.am-ին ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնել են, որ ստացել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու վերաբերյալ:
«Որոշում կայացնելու համար եռօրյա ժամկետ է նախատեսված»,- ասացին ՀՀ նախագահի աշխատակազմից:
Նշենք, որ Սահմանադրությամբ 2 տարբերակ կա. կամ ստորագրել, կամ առարկություններով հետ ուղարկել:
Եվ չնայած նրան, որ Արտակ Դավթյանը դեռ պաշտոնապես ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ չի, Նիկոլ Փաշինյանը նրա հետ ժամը 16:00-ին գնացել է Պաշտպանության նախարարություն:
168.am-ի տեղեկություններով, ժողովին ներկա են եղել նաև Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ՀՀ զինված ուժերի հայտարարության տակ ստորագրած պաշտոնյաները:
Ի դեպ, Փաշինյանը հավաքի ժամանակ դրական է արտահայտվել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի մասին և շնորհակալություն հայտնել նրան:
Օնիկ Գասպարյանը ներկա չի եղել:
Հիշեցնենք, որ երեկ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին նշանակել է Հատուկ հանձնարարությունների գծով ավագ սպա:
Ի դեպ, պատահական չէր, որ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը Զինված ուժերի հայտարարությունը քաղաքական հայտարարություն էր համարել, բայց ոչ ռազմական հեղաշրջման փորձ: