«Հայտարարությունը, որը կառավարությունը կախել է իր կայքում, որևէ հարց չի լուծում». Անի Սամսոնյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի խոսքով՝ Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու հարցի իրավաչափությունը կարող է որոշել միայն Սահմանադրական դատարանը։ Սա է պատճառը, որ իրավաբանների կարծիքները հարցի վերաբերյալ կիսվում են, այսինքն՝ մի մասը կարծում է, որ ԳՇ պետին կարող են ազատել, իսկ մյուս մասը հակառակ կարծիքն ունի։

«Սա ըստ էության գալիս է նաև նրանից, որ օրենքում հստակ սահմանված չեն այս դրույթները, հստակության տոկոսը շատ քիչ է, դրա համար էլ տարբեր իրավաբաններ տարբեր կերպ են մեկնաբանում։ Կարծում եմ՝ ճիշտ մեկնաբանություն կարող է տալ Սահմանադրական դատարանը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Անի Սամսոնյանը։

Պատգամավորի կարծիքով՝ այս ամենն ազդելու է բանակի վրա, այդ պատճառով էլ ԼՀԿ-ն պայման է դրել, որ կգնա արտահերթ ընտրությունների, եթե Նիկոլ Փաշինյանը դադարեցնի բանակի հետ կռիվը։

«Այսօր բանակում փոփոխությունները մեզ օդ ու ջրի նման պետք են, մենք ինքներս նաև փորձում ենք, որպեսզի խնդիրը շատ արագ հանգուցալուծվի։ Մենք նժարի վրա պետք է չափենք, որն է ավելի ծանր մեզ համար՝ ներքին կոնֆլի՞կտը, որը երկու կողմերի համար փոխզիջումների խնդիր է դարձել, երկու կողմն էլ չեն գնում զիջումների, թե՞ պետությունը, պետության անվտանգությունը, բանակը որ մեզ համար շատ կարևոր նշանակություն ունի»,- ընդգծեց նա։

Անի Սամսոնյանը նաև շեշտեց, որ ԼՀԿ-ն հայտարարել է, որ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելը ստեղծված խնդրի հանգուցալուծում չէ։

«Մենք նախապայման էինք դրել, որ հուշագիր կստորագրենք այն դեպքում, եթե վարչապետը դադարի կռիվ տալ բանակի հետ, այսինքն՝ հանգիստ թողնի Օնիկ Գասպարյանին, և մնացած հարցերն արտահերթ ընտրություններից հետո կստանային իրենց լուծումը։ Կարծում եմ՝ մենք դեռ ժամանակ ունենք, մեր առաջարկն ուժի մեջ է, դեռևս ժամանակ ունենք հասկանալու՝ այս իրավիճակը կհանգուցալուծվի՞, թե՞ ոչ։ Այս մեկ հայտարարությունը, որը կառավարությունը կախել է իր կայքում՝ որևէ հարց չի լուծում»,- հավելեց Ա. Սամսոնյանը։

 

 

Տեսանյութեր

Լրահոս