«Չկա մեր նախապայմանի բավարարում՝ չկա հուշագիր». Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝  ՀՀ նախագահը դիմել է Սահմանադրական դատարան և վիճարկում է  այն օրենքների հիմնադրույթները, որոնք վերաբերում են Գլխավոր շտաբի պետի նշանակմանն ու ազատմանը, քանի որ հակասահմանադրականության հարց է տեսել։

«Այս փուլում գնդակը Սահմանադրական դատարանի դաշտում է, քանի որ ՍԴ-ն գործը վարույթ ընդունելիս կարող է կասեցնել վարչապետի հայտարարության իրավական ուժի մեջ մտնելը, քանի դեռ նշված իրավակարգավորումների սահմանադրականության հարցը չի որոշվել։ Հետևաբար՝ ՍԴ-ն հենց հիմա կարող է որոշել, որ Օնիկ Գասպարյանը պետք է շարունակի պաշտոնավարել։ Այսինքն՝ այստեղ ՀՀ նախագահը հնարավորություն է ստեղծել, որ, եթե ՍԴ-ն քայլ ունի անելու, այդ քայլը կատարի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը։

Անդրադառնալով Օնիկ Գասպարյանի հայտարարությանը, որտեղ նա կրկին պնդում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, և տեղի ունենա արտահերթ խորհրդարանական ընտրություններ, Էդմոն Մարուքյանն ասաց, որ սա նաև ԼՀԿ-ի առաջարկն է եղել։

«Ակնհայտ է, որ ԼՀԿ-ն մշակել էր մի առաջարկ, որը վերաբերում էր իրավիճակից ելքին, որ բոլոր կողմերը գնան փոխզիջումների, և ստեղծված իրավիճակում ունենանք լուծում։ Ելքը հետևյալն էր՝ Գլխավոր շտաբին թողնել հանգիստ, և ի պատասխան այդ քայլի՝ մենք պատրաստ էինք հուշագիր կնքել՝ այն, ինչը վարչապետը պահանջում էր։ Սակայն մեր մեկնած ձեռքը թողնվել է անպատասխան, և այս պահին մեր առաջարկը ժամանակավրեպ է։ Մենք հուշագիր չենք կնքի, քանի որ մեր առաջարկն այլևս ուժի մեջ չէ, չկա մեր նախապայմանի բավարարում, հետևաբար՝ չկա հուշագիր»,- հավելեց Էդմոն Մարուքյանը։

Նա նաև շեշտեց, որ եթե նոր առաջարկություն ունենան, ապա կունենան կառավարման խորհրդում ապա քննարկումներից հետո, սակայն արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը մնում է իրենց օրակարգում։

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի հետ հանդիպմանը, Էդմոն Մարուքյանը նշեց, որ  ԲՀԿ-ի հետ հանդիպում պետք է կայանար, երբ ԲՀԿ ղեկավարը հանդիպեր Փաշինյանի հետ, սակայն այդ հանդիպումը չկայացավ։

«Ինչ վերաբերում է  կոնսուլտացիաներին, ապա իմացեք, որ ոչ մի բարիեր չունեմ քաղաքական որևէ ուժի կամ լիդերի հետ քննարկումները շարունակելու, որպեսզի Հայաստանն այս վիճակից դուրս գա»,- ընդգծեց Էդմոն Մարուքյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս