Կառավարությունը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը համաձայնության են եկել, որ տիկին Մարիանն իր գործունեությունը Հայաստանում կդադարեցնի այս ամիս. ՅՈՒՆԻՍԵՖ-ից արձագանքում են  

«ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան  գրասենյակի ղեկավար Մարիան Քլարկ-Հաթթինգը հապճեպ լքել է Հայաստանը», «ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը լրտեսություն է արել  հօգուտ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի». թեև այս և նման այլ տեղեկությունները օրեր շարունակ քննարկվում են հայաստանյան լրատվամիջոցներում ու սոցցանցերում, բայց պաշտոնական հերքումով մամլո հաղորդագրություն ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի կողմից այդպես էլ չտարածվեց:

168.am-ն այսօր ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի հաղորդակցման թիմի ղեկավար Զառա Սարգսյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք գրասենյակը մամլո հաղորդագրություն տարածելու է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան  ներկայացուցչի հապճեպ հեռացման պատճառների վերաբերյալ, ի պատասխան՝ նա նշեց.  «Հայաստանյան  ներկայացուցիչը հապճեպ չի հեռացել»:

Դիտարկմանը՝ թեկուզ այդ տեղեկությունները հերքելու առնչությամբ, քանի որ իրավիճակը չափազանց անորոշ է.  ԱԳՆ-ն արձագանքում է, բայց մյուս կողմը, ըստ էության, լռում է, և հարցադրմանը՝ եթե խնդիր չկա, ինչո՞ւ է լռում, Զառա Սարգսյանն արձագանքեց.

«Չենք լռում. ես ինքս բազմաթիվ լրատվամիջոցների հետ երեկ խոսել եմ, այդ թվում՝ տիկին Նաղդալյանի: Իրենք իրենց դիրքորոշումը հայտնեցին երեկ առավոտյան, այդ բոլոր խնդիրները քննարկվել են կառավարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջև, ու համաձայնության են եկել, որ տիկին Մարիանն իր գործունեությունը Հայաստանում կդադարեցնի այս ամիս, և կնշանակվի ժամանակավոր պաշտոնակատար: Իրողությունը դա է: Իսկ թե ընդհանուր սիտուացիայի շուրջ ինչ այլ ինտերպրետացիաներ են շրջանառվում, այդ ամենը պարզապես անհիմն է: Այդ մասին խոսել է ՄԱԿ-ի խոսնակը երեկ՝ իր պրես-կոնֆերանսում: Ինձ թվում է՝  պետք է ընդամենը հետևել ճիշտ մարդկանց, ճիշտ հետևություններ անել»:

Հարցին, թե ինչո՞ւ հենց «լրտեսության» վարկածը շրջանառվեց, նա պատասխանեց. «Այս շրջանում բավականին ապատեղեկատվություն է տարածվում տարբեր ալիքներով, տարբեր թեմաներով. ինձ թվում է՝ դա չպիտի զարմացնի Ձեզ»:

Հիշեցնենք՝  Mediaport  տելեգրամ-ալիքի փոխանցած տեղեկություններով ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը լրտեսություն է արել  հօգուտ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի, ինչի հետևանքով՝ ՀՀ իշխանությունները նրան հայտարարել են «պերսոնա նոն գրատա»:

Ավելի ուշ եղել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանությունը թեմայի առնչությամբ.

«Հայկական կողմի համար խնդրահարույց է եղել ՀՀ-ում UNICEF ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթթինգի՝ իր մանդատի իրականացման գործում թերացումները և ոչ համագործակցային աշխատելաոճը, ուստի ՀՀ կառավարության կողմից որոշում է կայացվել դադարեցնել Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը որպես Հայաստանի Հանրապետությունում UNICEF ներկայացուցիչ: Որոշման մասին ՄԱԿ-ի Մշտական Համակարգողը ու UNICEF-ի ներկայացուցիչները տեղեկացվել են»:

Մարիան Քլարկ-Հաթթինգը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարությունը ստանձնել է  ընդամենը 2020 թ. հուլիսին։ Մինչ այդ՝ 2016-2020 թթ․, որպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ՝ պաշտոնավարել է Մալազիայում։

 

 

Տեսանյութեր

Լրահոս