«Սպասենք, երբ պարոն Գասպարյանը նպատակահարմար կգտնի, այդ ժամանակ էլ կներկայացնի, թե ինչ կարգավիճակում է պատկերացնում իր հետագա գործունեությունը». Լիլիթ Մակունց
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքով՝ շատերի մոտ է հարց առաջացրել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի այն հայտարարությունը, թե այսուհետև հանդես է գալու այլ կարգավիճակով։ Հետևաբար՝ Օնիկ Գասպարյանը պետք է ասի, թե ինչպես է պատկերացնում իր հետագա գործունեությունը։
«Սպասենք, երբ պարոն Գասպարյանը նպատակահարմար կգտնի, այդ ժամանակ էլ կներկայացնի, թե ինչ կարգավիճակում է պատկերացնում իր հետագա գործունեությունը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Լիլիթ Մակունցը։
Հարցին՝ արժե՞ր արդյոք մեկ հայտարարության համար ԳՇ պետին աշխատանքից ազատեին, քանի որ նա ներկայացվել է՝ որպես ճանապարհ անցած գեներալ, Լիլիթ Մակունցը պատասխանեց, որ բոլորը, այդ թվում՝ «Իմ քայլը», արձանագրել են, որ զինվորականության կողմից քաղաքականությանը միջամտելն անընդունելի է, ինչի հետ կապված եղել է արձագանք։
«Պատահական չէ նաև, որ աշխարհի տարբեր երկրներից այդ հայտարարության հետ կապված եղավ արձագանք, խոսքը ԵԽԽՎ-ի, ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի, Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և այլ երկրների մասին է։ Խնդրում եմ՝ պետք չէ անընդհատ բերել մեր հակառակորդ և թշնամի պետությունների ղեկավար անձանց ելույթները, որովհետև դրանով որևէ կերպ չենք նպաստում մեր երկրին, որևէ կերպ լավություն չենք անում»,- հավելեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իրավունքի ուժով ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն ազատված է զբաղեցրած պաշտոնից, ինչից հետո ուղերձ հղեց նաև Օնիկ Գասպարյանը՝ հայտնելով, որ դիմել է Վարչական դատարան և այսուհետև հայրենիքին ու ժողովրդին ծառայելու է այլ կարգավիճակով։
Անդրադառնալով արտահերթ ընտրություններին՝ Լիլիթ Մակունցը նշեց, որ չունի տեղեկատվություն՝ «Բարգավաճ Հայաստանի» ղեկավարի հետ Նիկոլ Փաշինյանը հանդիպե՞լ է, թե՞ ոչ, այդուհանդերձ, Լիլիթ Մակունցի տեղեկություններով՝ նման հանդիպում չի կայացել։