«Ղարաբաղյան պատերազմի առաջին իսկ ժամերից Էրդողանի քաղաքական և բարոյական աջակցությունը մեզ շատ է ոգևորել». Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Թուրքիայի Մեծ Ազգային ժողովի (Թուրքիայի բարձրագույն օրենսդիր մարմինը,- խմբ.) արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ակիֆ Աաթայ Քըլըչի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է երկրորդ Արցախյան պատերազմին` ընդգծելով այդ ընթացքում Թուրքիայի ցուցաբերած աջակցությունը, գրում է minval.az-ը:
«Մենք անընդհատ միասին ենք, միմյանց աջակցում ենք ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Իհարկե, Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում Թուրքիայի կողմից ցուցաբերած աջակցությունը, ինչպես գիտեք, մեծ երախտագիտություն է առաջացրել համայն ադրբեջանցի ժողովրդի մոտ: Դա բնական է, քանի որ երկու եղբայրական երկրներ միշտ էլ իրար կողքի են:
Իմ թանկագին եղբայր, հարգելի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ առաջին ժամերից իսկ մեզ ցուցաբերած քաղաքական և բարոյական աջակցությունը, իհարկե, մեզ շատ է ոգևորել: Համերաշխություն և աջակցություն են ցուցաբերել նաև Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ղեկավարը և խորհրդարանի անդամները: Այսինքն՝ պատերազմի օրերը ևս մեկ անգամ ցույց են տվել, թե ինչպես են մեր ժողովուրդները կապված իրար հետ, ինչ սիրով ու հարգանքով են վերաբերվում միմյանց»,- եզրափակել է Ալիևը:
Բացի այդ, ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, նույն հանդիպման ժամանակ Ալիևը հայտարարել է, որ այսօր տարածաշրջանում նոր իրավիճակ է ստեղծվել, նոր իրողություն:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն արդեն պատմության գրկում է, այն լուծվել է և ավարտվել: Այսօր մենք պետք է նայենք ապագային և մտածենք տարածաշրջանում համագործակցության մասին, մասնավորապես, կարևորագույն խնդիրներից մեկը տրանսպորտային նախագծերի իրականացումն է, Զանգեզուրի միջանցքի բացումը: Վստահ եմ, որ դրան կհասնենք համատեղ ջանքերի միջոցով»,- հայտարարել է երկրի ղեկավարը: