Բաժիններ՝

««(COVID 19) Հայաստան» դրամահավաքի գումարների հետ կապված կան անհապատասխանություններ. Գնումների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն չի տրամադրվել». Արկադի Խաչատրյան

ԱԺ-ում ընթանում է «Նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի՝ համաճարակի հետևանքները մեղմելու կամ վերացնելու ուղղությամբ Կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող» քննիչ հանձնաժողովի հերթական նիստը։

Նախորդ նիստից առաջ հանձնաժողովի նախագահ՝  «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը ներկայացրեց «Հայաստան համահայկական» հիմնադրամից ստացած պատասխանը։ Հիշեցնենք, որ նա դիմել էր  հիմնադրամին, մասնավորապես, պարզելու «Նոր կորոնավիրուսի (COVID 19) Հայաստան. միասին հաղթահարենք համավարակը» դրամահավաքի հետ կապված միջոցները, դրանց ծախսման ուղղություններն և կատարված գնումները։

«Մենք հիմնադրամից ստացել ենք հետևյալ պատասխանը՝ «(COVID 19) Հայաստան. միասին հաղթահարենք համավարակը» դրամահավաքն իրականացվել է հիմնադրամի նախաձեռնությամբ 2020  մարտի 23-ից, օգոստոսի 27-ն ընկած ժամանակահատվածում, որի ժամանակ հավաքագրվել է 325 մլն 608 հազար 555 դրամ, որից 154,8 մլն-ը հավաքագրվել է մասնավոր կազմակերպություններից, 18 մլն 115 հազարը՝ արտերկրում և Հայաստանում ապրող ֆիզիկական անձանցից, 152 մլն 675 հազար դրամը՝ սփյուռքում գործող հիմնադրամի տեղական մարմիններից։ Մասնավորապես ուսումնասիրվել է հիմնադրամի կայքէջում եղած տվյալները, որը փաստում է  հետևյալի մասին՝ փաստացի հուլիսի 22-ի դրությամբ հավաքագրված է եղել 800 հազար 30 ԱՄՆ դոլար, որից 695 հազար 244 ԱՄՆ դոլար ուղղվել է տարբեր բժշկական պարագաների ու սարքավորումների ձեռբերմանը, կարիքավոր ծերերին ամենօրյա սննդի ձեռքբերմանը և բազմաթիվ հայրենակիցներին Հայաստան վերադարձնելուն»,- փոխանցեց Արկադի Խաչատրյանը։

Ըստ հանձնաժողովի նախագահի, հիմնադրամից ուղարկած պատասխանի մեջ կան թվային որոշակի անհամապատասխանություններ, որը լրացուցիչ պարզաբանման կարիք ունի։

Նա նաև շեշտեց, որ մոտ 300 հազար դոլար այդ դրամահավաքից ուղղված է   եղել շտապօգնության անձնակազմին, իսկ բժշկական սարքավորումներին՝ 270 հազար դոլար։

«Ըստ էության այս բուժսարքավորումները տրամադրվել են Առողջապահության նախարարությանը, տարբեր բուժհաստատությունների, ինչպես նաև Պաշտպանության բանակի ու Պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչություններին։ Ցավոք, հիմնադրամից չեն մանրամասնել, թե որ կազմակերպությանն ինչ սարքավորումներ են տրամադրել։ Խնդրել էինք նաև գնումների վերաբերյալ մանրամասներ ներկայացնել, այսինքն՝ դրանք դրսի՞ց են բերվել, թե՞ ոչ, սակայն այդ մասով ամբողջական տեղեկատվություն տրամադրված չէ»,- հավելեց Արկադի Խաչատրյանը։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս