
Արթուր Դավթյանի գլխին «սև ամպեր են կուտակվել»․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Քաղաքական կուլիսներում շրջանառվող շշուկների համաձայն՝ «սև ամպեր են կուտակվում» ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավերևում: ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ «հաշիվները դեռ չմաքրած» և խնդիրները չհաղթահարած՝ իշխանական վերին օղակներում արդեն մտածում են, թե ինչպես պետք է ազատվեն Դավթյանից:
Պարզվում է՝ իշխանությունը նրան ևս չի վստահում, ավելին՝ կան մտահոգություններ, որ հենց Դավթյանի ձեռքով է մինչև այսօր վարչապետի աթոռին մնացած Նիկոլ Փաշինյանը գնալու բանտախուց: Բայց, արի ու տես, որ ինչքան էլ իշխանական իրավաբանները խելք-խելքի են տալիս, չեն գտնում Դավթյանից ազատվելու ամենահարմար տարբերակը:
Օրենքի համաձայն, գլխավոր դատախազի լիազորությունները համարվում են դադարած, երբ լրացել է նրա պաշտոնավարման ժամկետը՝ պաշտոնի ստանձնմանը հաջորդող վեցերորդ տարվա նույն օրը: Իսկ Արթուր Դավթյանը ստանձնել է պաշտոնը 2016 թվականի սեպտեմբերի 15-ին, այսինքն՝ նա կշարունակի պաշտոնավարել ևս մեկ տարի, ինչը շատ երկար ժամանակ է օրվա իշխանության համար:
Այնուամենայնիվ, արդեն իսկ գլխավոր դատախազի պաշտոնի համար իշխանությունն ակտիվ փնտրտուքների մեջ է:
Նրանք վստահեցնում են, որ Դավթյանը չի շարունակելու պաշտոնավարել, չնայած նրան, որ օրենքը հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ ընտրվել գլխավոր դատախազ»: