«Օնիկ Գասպարյանն ամեն ինչ անում է ճիշտ եւ օրինական». Ռուբեն Հայրապետյան. Aravot.am
Aravot.am-ի զրուցակիցն է նախկին պատգամավոր, գործարար Ռուբեն Հայրապետյանը
– Վստահաբար ծանոթ եք գլխավոր շտաբի հայտարարությանը: Ինչպե՞ս եք գնահատում այն եւ դրան հետեւող զարգացումները:
-Իհարկե ծանոթ եմ: Ես գտնում եմ, որ մեր երկրում պետք է ամեն ինչ արվի Սահմանադրությամբ: Այս օրերին ուսումնասիրել եմ Սահմանադրության այդ հատվածը: Ժամանակին, երբ որ այդ Սահմանադրությունը գրվել է, ԳՇ-ին վերաբերող հատվածը գրվել է հենց այդպես նրա համար, որ որեւէ վարչապետ`ով որ լինի, ինչ կուսակցություն էլ գա, չկարողանա ԳՇ պետին փոխել`զուտ այն պատճառով, որ մենք գտնվել ենք պատերազմական իրավիճակում եւ ԳՇ պետի հաճախակի փոփոխությունները կբերեն բանակի համար մեծ աղետների, ինչը որ մենք տեսել ենք: Ես կարծում եմ, Օնիկ Գասպարյանն ամեն ինչ անում է ճիշտ եւ օրինական:
-Այս հայտարարությամբ ԳՇ-ն եւ բանակի ղեկավարությունն ազատվո՞ւմ է այն պատասխանատվությունից, որը կրում են պատերազմի եւ դրա նման խայտառակ արդյունքի համար:
– Եթե հետաքննության լինի եւ պարզվի, թե ի՞նչն է այս պարտությունների պատճառը…Մոսկվայից նստած, հեռահար ինչ-որ բաներ ասել`ճիշտ չի լինի իմ կողմից: Նման գործելաոճի սովոր են այսօրվա ապիկար իշխանությունները, երբ իրենց վերապահում են դատավորի, քննիչի, դատախազի դեր եւ սկսում են մեղադրել մարդկանց: Ես որեւէ մեկին չեմ ցանկանում ոչ մի բանում մեղադրել կամ դատապարտել, քանի չի եղել հետաքննություն եւ չեն պարզվել իրական պատճառները: Բնականաբար, մեղավորներն այսօրվա ռազմաքաղաքական իշխանություններն են: Մասնագետները գնահատականներ տվել են`չի եղել նորմալ կառավարում: Ես ավելին չեմ կարող գնահատել, մինչեւ չլինեն հետաքննությամբ ապացուցված պատճառները:
– Իսկ իշխանության պահվածքն ինչպե՞ս եք գնահատում. խորհրդարանի պատշգամբում դիպուկահարների տեսանք, լուսաձայնային նռնակներով էին ցուցարարներից պաշտպանվում:
– Իմ գնահատականները կարող են սուբյեկտիվ հնչել, բայց ԳՇ-ի հայտարարությունից հետո չի կարելի ասել իշխանություն: Սրանք իշխանություն չեն, բանդա է, որը եկել է այսօր իշխանության եւ անօրինական`ինչ ուզում, անում են: Սպիտակի վրա սեւով գրված է, որ ԳՇ պետին իրավունք չունի ազատել, մարդն ազատում է, ՍԴ է փոխում, մի ապիկար Անդո Քոչարյան կա, հայտարարում է`կկրակենք: Ասում են`նախկինում երբ ենք մենք շենքեր գրավել. իրենք մոռացե՞լ են դատարաններն ինչպես էին գրավում, ինչպես էին շրջափակել: Դա շենքեր գրավել չի՞: Մոռացե՞լ են ոստիկանությունն ինչով էր զբաղված, Վալերի Օսիպյանը պատասխանատվության չի՞ ենթարկվելու, երբ դատավորներին քցում էին գետին, ինչ այլանդակություն ասես անում էին, ոստիկանությունը դիտորդի կարգավիճակում էր: Եթե իրենց հիշողությունը մեկ միլիմետր է, իմը եւ Հայաստանում շատերինը, շատ հեռահար է: