Բաժիններ՝

«Մեկ հայրս է ձեռքս բռնած գյուղից դուրս եկել, մեկ էլ ես՝ իմ երեխայի ձեռքը բռնած»․ արցախցի

Ադրբեջանի կողմից 2020թ․ սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի արդյունքում հայաթափվել և այդ երկրի կողմից օկուպացվել է նաև Շահումյանի շրջանի Եղեգնուտ գյուղը։

Բնակիչներն այս պահին հաստատվել են տարբեր շրջաններում, սակայն ունեն մի շարք սոցիալական խնդիրներ։

Հայրիյանների ընտանիքը կորցնելով ամեն ինչ՝ վարձով բնակվում է Արագածոտի մարզի Ձորափ գյուղում։ Չկան կենցաղային մինիմալ պայմանները, ընտանիքը դժվարանում է հագուստ գնելու, տունը տաքացնելու հարցում։

«Սեպտեմբերի 28-ին կինս միայն երեխաներին է դուրս բերել ու մի քանի հագուստ է վերցրել։ Իսկ նոյեմբերի 9-ից հետո ես վերմակ, ներքնակ եմ կարողացել հանել տնից։ Մեքենա չէինք կարողանում գտնել, Վարդենիսից Եղեգնուտ հասնելու և բեռ տեղափոխելու համար շատ թանկ էին ուզում՝ 150.000-200.000 դրամ։ Այդ պահին գումար չունեինք ու ոչ մի բան չենք կարողացել հանել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ընտանիքի հայրը՝ Վահրամը։

Նա տեղեկացրեց, որ այժմ վարձով բնակվում են Ձորափ գյուղում՝ վճարում են 40․000 դրամ։

«Հիմնականում վառելիքի խնդիր ունենք, տունը լավ վիճակում չէ։ Սննդով մարզպետարանն օգնել է, Կառավարության կողմից հատկացված սոցիալական աջակցության ծրագրից օգտվել ենք։ Կա նաև հագուստի կարիք»,- նշեց մեր զրուցակիցը։

Վահրամն ասում է՝ Արցախ վերադառնալու մասին մտածել է ու կգնա, քանի որ զինվորական է, սակայն ընտանիքին տեղափոխելու հարցում երկմտում է։

«Ես կվերադառնամ Արցախ՝ որպես զինվորական, բայց ընտանիքիս դեռ չեմ տանի։ 33 տարեկան եմ, սա երկրորդ լուրջ պատերազմն է, որ տեսա՝ Ապրիլյան պատերազմը չեմ հաշվում։ Ընտանիքով, կարելի է ասել, փախել ենք․․. երբ տունը թողնում ես ու գնում, դա արդեն փախչել  է կոչվում։ Մեկ հայրս է ձեռքս բռնած գյուղից դուրս եկել, մեկ էլ ես իմ երեխայի ձեռքը բռնած դուրս եկա։ Վերադառնամ՝ հույս չունեմ, որ 30 տարի հետո որդիս իր երեխայի ձեռքը բռնած դուրս չի գա»,- եզրափակեց Վահրամը։

Ընտանիքին օգնել հնարավոր է այս քարտի համարով․ «ՎՏԲ բանկ» Հայաստան 4033190005189230՝ Վահրամ Հայրիյանի անունով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս