Բաժիններ՝

Էդգար Սարգսյանն անմահացավ նոյեմբերի 7-ին՝ Շուշիի մատույցներում…

Արցախյան երկրորդ ազատամարտի մասնակից, ոստիկանության զորքերի ծառայող, սերժանտ Էդգար Սարգսյանը ծնվել էր 1987 թվականին՝ Էջմիածնում։ 2005- 2007 թվականներին ծառայել էր բանակում։ Ոստիկանության զորքերում էր 2013 թվականից։

Բացի հասարակական անվտանգության ապահովմանը մասնակցելուց, Էդգար Սարգսյանը ոստիկանության զորքերի կազմով Տավուշում իրականացրել էր նաև մարտական հերթապահություն։ Նվիրված էր ծառայությանը, ընկերասեր էր ու կատակասեր։

2020 թվականի սեպտեմբերին, երբ հայրենիքը վտանգի մեջ էր, Էդգարը ծառայակիցների հետ մեկնեց Արցախ։ Սեպտեմբերի 29-ից մասնակցում էին Քարվաճառի պաշտպանությանը։ Հոկտեմբերի 25-ին մի քանի օրով վերադարձել էին Երևան։ Երբ ոստիկանության զորքերի հերթական զորախումբը պետք է մեկներ Արցախ, Էդգարը կրկին զինվորագրվեց։

«Ասացինք՝ դու մի արի, մենակ տղա ես, Աստված չանի, բա որ մի բան լինի։ Ասաց՝ դե, մենակ տղա եմ, ես չգամ, բա ընտանիք ունեցողնե՞րը գան, ես մնամ այստեղ, ու իմ ընկերները գնան կռիվ, հետո ինչպե՞ս եմ նրանց աչքերին նայելու»,-պատմում է ծառայակից ընկերը՝ Վարդան Ղուկասյանը:

Երկրորդ անգամ մեկնեց Արցախ։ Հինգ օր մասնակցեց Քարվաճառի պաշտպանությանը, իսկ նոյեմբերի 3-ին զորախմբով մեկնեցին Շուշի։ Մի քանի օր մասնակցեցին Շուշիի պաշտպանությանը։ Ծառայակիցների հետ ծանր մարտեր մղեցին։ Էդգար Սարգսյանն անմահացավ նոյեմբերի 7-ին՝ Շուշիի մատույցներում։

«Արցախյան երկրորդ պատերազմում ոստիկանության զորքերն ունեցավ 43 զոհ։ Նրանցից մեկն էր Էդգար Սարգսյանը։ Նա վերջին տարիներին կորցրել էր ծնողներին, ամուսնացած չէր, չուներ ընտանիք։ Քանի որ զոհված զինծառայողների ընտանիքները իրենց տներում ունեն հուշանկյուններ, մենք որոշեցինք Էդգար Սարգսյանի հուշանկյունն ունենալ ոստիկանության զորքերի թանգարանում։ Մենք պետք է միշտ հիշենք ու մեծարենք մեր Էդգարին»,-ասում է ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը։

Ոստիկանության զորքերը, ոստիկանությունն ընդհանրապես Էդգար Սարգսյանի համար ընտանիքի պես էր, ու ընտանիքի անդամներ էին բոլոր ոստիկանները։ Ոստիկանությունը, ոստիկանության զորքերը, բոլո՛ր ոստիկանները վառ կպահեն Էդգար Սարգսյանի, մեր զոհված բոլոր գործընկերների անմար հիշատակը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս