«Չի կարելի պաշտոնը պահել՝ հասկանալով, որ դրանով վարկաբեկում ես դատական համակարգը». Նիկոլայ Բաղդասարյանը՝ ԲԴԽ նախագահին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը լրագրողներին խնդրում է իրեն հուշել, թե ո՞ր կարգի համաձայն պատգամավորները կարող են խորհրդարան կանչել Բարձրագույն դատական խորհրդի նախագահին և քննարկել նրա կողմից արված քաղաքական հայտարարությունները։
«Արձանագրենք, որ հենց ԲԴԽ նախագահի պատասխաններից բխեց այդ օրվա քննարկումը։ Այսինքն՝ ես նախապատրաստվել էի բոլորովին ուրիշ հարց տալ՝ դատական համակարգի հետ կապված, բայց պարոն Վարդազարյանն ինչ էր անում, նա ամեն անգամ հարցերից իր պատասխանները պտտում էր ու ասում, որ այդ հարցին պատասխանել է ոչ թե՝ ԲԴԽ նախագահ, այլ՝ որպես ֆիզիկական անձ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց պատգամավորը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրելու հարցը իշխանական պատգամավորները վերածեցին ԲԴԽ նախագահի հետ կապված խնդիրների քննարկման։
Հիշեցնենք, որ ԱԺ այս քառօրյայում իշխանական խմբակցությունը Վճռաբեկ դատարանի դատավոր չընտրեց՝ հարցը կապելով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ։
Ըստ Նիկոլայ Բաղդասարյանի, որպես ԲԴԽ նախագահ՝ Ռուբեն Վարդազարյանն ըստ էության թույլ է տվել այնպիսի խախտումներ, որոնք հարիր չեն ո՛չ ԲԴԽ նախագահին, ո՛չ ԲԴԽ անդամին։
«Ճշմարտությունն այն է, որ ԲԴԽ նախագահը լիազորված չէր կոչով հանդես գալ, նա նման լիազորություն չունի անհատապես հայտարարություններ անելու։ Այսինքն՝ խորհուրդը դեռ հայտարարությունը չընդունած, ԲԴԽ նախագահը հանդես է գալիս հայտարարությամբ։ Եթե Ռուբեն Վարդազարյանն ընդունի, որ ինքը թույլ է տվել այնպիսի խախտում, որը վարկաբեկում է դատական իշխանությանը, և հրաժարական տա, ԲԴԽ մյուս անդամները պետք է ընտրեն հաջորդ նախագահին՝ արդեն իրավագետների կազմից։ Չի կարելի պաշտոնը պահել՝ հասկանալով, որ դրանով վարկաբեկում ես դատական համակարգը»,- հավելեց Նիկոլ Բաղդասարյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում