Իսպանացի դիրիժոր Ռիկարդո Կասերոն և տրոմբոնահար Խուան Պարդոն հանդես կգան Կամերային նվագախմբի հետ
«Իսպանական կրքեր և երազներ» խորագրով համերգին Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես կգա հանրահայտ իսպանացի դիրիժոր Ռիկարդո Կասերոյի ղեկավարությամբ: Նվագախմբի հետ որպես մենակատար ելույթ կունենա իսպանացի տրոմբոնահար Խուան Պարդոն:
Երեկոն տեղի կունենա մարտի 11-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Ծրագրում կներկայացվեն Մանուել դե Ֆալյայի Նախերգանքը և Կրակի ծիսական պարը «Կախարդված սերը» բալետից, Էդուարդ Էլգարի Սերենադ լարայինների համար, Կարլ Մարիա ֆոն Վեբերի Ռոմանս տրոմբոնի և լարային նվագախմբի համար, Էնրիկե Գրանադոսի Ինտերմեցցո «Գոյեսկի» օպերայից, Էդվարդ Գրիգի Հոլբերգ սյուիտ, երկ 40 ստեղծագործությունները:
Ռիկարդո Կասերոն Իսպանիայի Orquesta Reino de Aragón-ի գեղարվեստական ղեկավարն է: Նա երաժշտական կրթություն է ստացել Իսպանիայի, ԱՄՆ-ի և Անգլիայի երաժշտական մի շարք հաստատություններում և արժանացել բազում միջազգային մրցանակների: Իր կարիերան սկսել է աշխարհահռչակ դիրիժորներ Զուբին Մետայի, Լորին Մաազելի, Ռիկարդո Շայիի, Վալերի Գերգիևի հետ սերտ համագործակցությամբ:
Լինելով պահանջված Եվրոպայում՝ որպես հրավիրյալ դիրիժոր պարբերաբար հանդես է գալիս Մարսելի օպերային (Ֆրանսիա), Ֆերենց Լիստի կամերային (Բուդապեշտ), Halle Staatskapelle (Գերմանիա), Տրանսիլվանիայի ֆիլհարմոնիկ, Ռումինիայի ազգային ռադիոյի, Ուկրաինայի ազգային ֆիլհարմոնիկ, Վալենսիայի սիմֆոնիկ, Գալիցիայի թագավորական ֆիլհարմոնիկ և շատ այլ նվագախմբերի հետ:
Խուան Պարդոն 2018-ից Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տրոմբոնահարների կոնցերտմայստերն է: Մինչ այդ եղել է Մեքսիկայի առաջատար նվագախմբերի, այդ թվում՝ Orquestra Filarmónica de Jalisco-ի (2010-2017) տրոմբոնահարների կոնցերտմայստերը: Հանդես է եկել աշխարհի տարբեր նվագախմբերի կազմում ՝ իսպանացի և այլ հայտնի դիրիժորների ղեկավարությամբ: Նվագախմբային ելութներից բացի, Պարդոն հանդես է գալիս որպես մենակատար, նաև կամերային համերգներով: Ակտիվ մանկավարժական գործունեություն է ծավալում Հայաստանում և արտերկրում: Խուան Պարդոն փողային նվագարաններ արտադրող հեղինակավոր S.E. Shires Company-ի պաշտոնական արտիստն է: