
Եղվարդի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ զինվորական հանդերձանքը ոչնչացնելու փորձ կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են քաղաքացիական նախաձեռնության անդամների կողմից ձեռք բերված զինվորական հանդերձանքը դիտավորությամբ ոչնչացնելու փորձ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:
Քննությամբ պարզվել է, որ Եղվարդ քաղաքի 30-ամյա բնակիչը 2020թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, դիտավորությամբ, վառելանյութի օգտագործմամբ, հրկիզման եղանակով փորձել է ոչնչացնել Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Ազատամարտիկների փողոցում գտնվող, քաղաքացիական նախաձեռնության անդամների կողմից ձեռք բերված առանձնապես խոշոր չափերի հասնող՝ ընդհանուր 17.375.000 ՀՀ դրամ արժողության զինվորական հանդերձանքը: Սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ բռնկված հրդեհը նկատվել է քաղաքացիների կողմից և մարվել:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Եղվարդ քաղաքի 30-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-185-րդ հոդվածի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձ) 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: