Հաջորդ վարչապետը՝ Հովիկ Աղազարյան

Հայաստանում քաղաքական դաշտ կոչվող տիրույթում քաղաքականության անվան տակ տեղի ունեցող երևույթներն ամեն օր առաջացնում են կոգնիտիվ դիսոնանս։ Քաղաքական թիվ մեկ հարթակը՝ խորհրդարանը, վերածվել է իսկական կրկեսի։

Ցանկացած հարցի հետ կապված՝ իշխող խմբակցություն հնչեղ անվանմամբ մարդակույտի ներկայացուցիչները հակաբանականության իսկական ֆլեշմոբեր են կազմակերպում։

Մեկը հայտարարում է, թե Ազգային ժողովի շենքից դիպուկահարները թիրախավորել են պոտենցիալ հանցագործների, ու դա իսկական ժողովրդավարության արտահայտություն է, մյուսն ասում է՝ դիպուկահարներն իրենց գործն են անում, ինչո՞վ են խանգարում ցուցարարներին, երրորդը խոսում է այն մասին, որ իրենք ավելի լավն են, քանի որ նախկինի համեմատ՝ 10 անգամ ավելի քիչ կաշառք են վերցնում․․․ Հակաբանական, հակատրամաբանական ու հակագիտակցական հայտարարությունների ու պերֆորմանսների շարքը ողբերգականորեն երկար է, իրականությունն այն է, որ Հայաստանի խորհրդարանը վերածվել է ոչ միայն հակաքաղաքական, այլ նաև հակաէսթետիկական մարմնի, որտեղ կատարվող ամեն ինչ օրգանական հակադրության մեջ է մարդկային մտածողության ու պարզագույն բարոյական իմպերատիվների հետ։

«88+» մարդկանց այդ խումբն ամեն օր ծաղրի ու անարգանքի է ենթարկում պարզագույն գիտակցությունն ու տրամաբանությունը, ցուցադրում է բարոյական անկման անգերազանցելի ռեկորդներ։ Սա է Հայաստանի իշխանության հավաքական դեմքը, որի դեմ ընդդիմախոսները փորձում են պայքարել քաղաքական մեթոդներով։

Գլոբալ առումով այդ պայքարը դատապարտված է ձախողման, քանի որ հնարավոր չէ հակաբանականությանը հաղթել բանականությամբ, տգիտությանը՝ գիտակցությամբ, ղալմաղալին՝ մտքով։ Առաջին տպավորությամբ կարելի է արձանագրել, որ այս իրավիճակի պատճառն իշխանությունների անհատական ու հավաքական տգիտությունն ու ապաբարոյականությունն է, և նրանք անում են այն, ինչ կարողանում են։

Գուցե ընդհանուր առմամբ այդպես է։ Բայց կա մեկ այլ՝ ֆունկցիոնալ բացատրություն ևս։  Իշխանությունը հակաբանականությունն ու ապաբարոյականությունն ընտրել է՝ որպես հանրության հետ հաղորդակցման միջոց, ընտրել է այն պատճառով, որ, ցավոք, ընդհանրության մեջ հասարակությունը ևս այդպիսի որակների կրող է։

Այդպիսով, իշխանությունը ոչ թե փորձում է բարձրացնել հասարակության գիտակցական, արժեբանական նշաձողը, այլ ինքը՝ ի սկզբանե էլ լինելով դրա ամենաստորին մակարդակներում, վերջնականապես իջել է մինչև անկման ամենաստորին կետը։

Որքան էլ ցավալի հնչի, այդուհանդերձ, իրականության օբյեկտիվ գնահատման անհրաժեշտությունից ելնելով պետք է արձանագրել, որ իշխանության ու հասարակության առնվազն զգալի հատվածի միջև կա հակաարժեքային, հակաբարոյական ներդաշնակություն, ինչն էլ, լայն իմաստով, դարձել է այս իշխանության գոյության հիմքերից մեկը, եթե ոչ՝ ամենագլխավորը։

Երբ Նիկոլ Փաշինյանն ամիսներ առաջ հայտարարում էր, որ իր դեմ պայքարում են տարբեր էլիտաներ, չէր խաբում։ Նա չէր ասում, բայց իր հայտարարությունից բխում էր, որ ինքն ու իր իշխանությունը գիտակցական ու բարոյական տիրույթների ամենացածր հատվածներում են, և իրենց դեմ պայքարում են բոլոր նրանք, ովքեր գտնվում են բարոյական ու արժեբանական ավելի բարձր կետերում։

Հետևաբար, այսօրվա պայքարը խորքային առումով ոչ թե իշխանության համար պայքար է, այլ պայքար՝ իշխանությանը մարդկային ու բարոյական նկարագիր հաղորդելու համար։

Եթե այդ պայքարը ձախողվի, ապա Հայաստանը երկար ժամանակ ղեկավարելու է պայմանական Հովիկ Աղազարյանը, որը՝ ելնելով գործող իշխանության հակաբանական ու ապաբարոյական ընդհանուր նկարագրից, հաջորդ վարչապետի ամենամրցունակ թեկնածուն է։

Արշավիր Իշխանյան

Տեսանյութեր

Լրահոս

Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, Հայաստանում կրոնական ազատությունը վտանգված կլինի․ ICCՀունիսյան ընտրություններից առաջ Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է քաղաքական ծրագիրը, որը կոչ է անում հեռացնել Ամենայն հայոց կաթողիկոսին և ուրվագծում է Հայ առաքելական եկեղեցու վերակառուցման քաղաքականացված «ճանապարհային քարտեզ»։ Քննադատների կարծիքով՝ այս աննախադեպ քայլը երկրի սահմանադրության ուղղակի խախտում է և պետության կտրուկ միջամտություն կրոնական գործերին․ գրում է Միջազգային քրիստոնեական կոնցեռնը (International Christian Concern, ICC)։ Առաջիկա ընտրություններից առաջ հրապարակված ծրագիրը որպես իր 10-րդ քաղաքական նպատակ նշում է Հայ առաքելական եկեղեցու «փաստացի ղեկավարի» հեռացումը՝ հղում անելով Գարեգին Բ կաթողիկոսին։ Հատկանշական է, որ փաստաթուղթը խուսափում է նրա եկեղեցական տիտղոսն օգտագործելուց, ինչն, ըստ դիտորդների, արտացոլում է ինչպես պաշտոնը, այնպես էլ ինստիտուտը խաթարելու ավելի լայն ջանքեր։ Ղեկավարության փոփոխությունից զատ՝ կուսակցության ծրագիրն առաջարկում է եկեղեցական մի շարք լայնածավալ բարեփոխումներ, այդ թվում՝ կաթողիկոսի տեղապահի նշանակումը, Եկեղեցու նոր կանոնադրության մշակումը և նոր կաթողիկոսի վերջնական ընտրությունը՝ վերանայված կառուցվածքների ներքո։ Առաջարկվող կանոնադրությունը կներդնի ֆինանսական վերահսկողության և հոգևորական կարգապահության մեխանիզմներ՝ ոլորտներ, որոնք ավանդաբար կառավարվում են Եկեղեցու կողմից։ Իրավական փորձագետներն ու կրոնական ազատության պաշտպանները զգուշացնում են, որ նման առաջարկները կրոնական մարմնի ներքին կառավարմանն ուղղակի քաղաքական միջամտություն են։ Հայաստանի սահմանադրությունը ճանաչում է Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերն ազգային կյանքում և ամրագրում է Եկեղեցու և պետության միջև տարանջատման սկզբունքը։ Այս երկակի շրջանակն ավելի է ամրապնդվում 2007 թվականի եկեղեցի-պետություն հարաբերությունների մասին օրենքով, որը հստակորեն ճանաչում է Եկեղեցու ինքնակառավարման իրավունքը։ Քննադատները պնդում են, որ քաղաքական կուսակցության կողմից ղեկավարության փոփոխություններ կանխորոշելու կամ կառուցվածքային բարեփոխումներ պարտադրելու ցանկացած փորձ խախտում է այդ պաշտպանությունները։ Ինչպես նշվում է, անցած տարվա ընթացքում լարվածությունը զգալիորեն սրվել է, և կառավարությունն ավելի թշնամաբար է տրամադրված Եկեղեցու անկախությունը սահմանափակելու իր ջանքերում։ Բնակչության ավելի քան 90%-ն իրեն նույնականացնում է Հայ առաքելական եկեղեցու հետ, որը երկար ժամանակ ծառայել է որպես ազգային ինքնության անկյունաքար, մասնավորապես՝ օտարերկրյա տիրապետության և ցեղասպանության ժամանակաշրջաններում։ Պատմականորեն Եկեղեցու վրա քաղաքական վերահսկողություն սահմանելու փորձերը կապված են եղել արտաքին ուժերի, այդ թվում՝ խորհրդային իշխանությունների հետ, որոնք ձգտում էին սահմանափակել կրոնական ազդեցությունը։ Քննադատները զգուշացնում են, որ ներկայիս առաջարկները կրկնում են այդ նախկին ջանքերը՝ մտահոգություն առաջացնելով երկրում կրոնական ազատության ապագայի առնչությամբ։ Եթե իշխող կուսակցությունն ապահովի ընտրական հաղթանակ, այն հետագայում կարող է պահանջել հանրային մանդատ՝ առաջարկվող փոփոխություններն իրականացնելու համար, ներառյալ՝ Եկեղեցու կառավարմանը միջամտությունը՝ չնայած այս հարցի վերաբերյալ հստակ հանրային քննարկման բացակայությանը։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հղումով. https://abcmedia.am/glxavor-noruthyunner/258335/ ABC MEDIA © 2026. Բոլոր իրավունքները պաշտպանված են

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031