Արմեն Սարգսյանն ընտրեց Նիկոլ Փաշինյանին
Հանրապետության նախագահի գրասենյակը տարածել է հաղորդագրություն՝ կապված Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի հետ։
Երկարաշունչ լղոզված տեքստի հիմնական իմաստն այն է, որ Արմեն Սարգսյանը չի ստորագրում Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց միևնույն ժամանակ դիմում է Սահմանադրական դատարան՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
Իրավական նրբություններին այս պահին չանդրադառնալով, նշենք, որ իրականում Արմեն Սարգսյանի այս քայլի ընթացքում Օնիկ Գասպարյանն ազատվելու է Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնից։
Արմեն Սարգսյանի կողմից Սահմանադրական դատարան դիմելու քայլն ընդամենը սեփական դեմքը փրկելու նպատակ է հետապնդում, իրականում իր այս քայլով նա կատարում է Նիկոլ Փաշինյանի կամքը՝ հերթական անգամ իրեն դրսևորելով՝ որպես ոչ կամային, իսկ գուցե՝ խիստ կամային գործիչ՝ Նիկոլ Փաշինյանի ծրագրերին սպասարկելու իմաստով։
Այսպիսով, ստեղծված ճգնաժամային իրավիճակը հանգուցալուծելու իր սահմանադրական լիազորություններն օգտագործելու փոխարեն՝ Արմեն Սարգսյանն ընտրեց Նիկոլ Փաշինյանի նեղ քաղաքական-անձնական շահը սպասարկելու տարբերակը։
Բնականաբար, նրա այս որոշումն ունենալու է հետևանքներ՝ ինչպես զինվորականության շրջանում, այնպես էլ՝ քաղաքական դաշտում։
Ըստ էության, Արմեն Սարգսյանն այսպիսով սկսեց Գլխավոր շտաբի գլխատման գործընթացը:
Հավանական է, որ նախագահի այս որոշումը է՛լ ավելի մեծ լարվածություն է մտցնելու երկրի առանց այն էլ գերլարված իրավիճակում։
Բայց անկախ իրադարձությունների հետագա զարգացումից, իր այս որոշմամբ Արմեն Սարգսյանը վերջնականապես արձանագրեց, որ Զինված ուժերի ու Նիկոլ Փաշինյանի հարաբերական դիմակայության մեջ ինքն ընտրում է Նիկոլ Փաշինյանին՝ դրանից բխող բոլոր թավշյա և ոչ այնքան թավշյա հեռանկարներով։ Ոչ միայն ու ոչ այնքան՝ իր ու Նիկոլ Փաշինյանի, որքան՝ Հայաստանի պետականության համար։
Կա տեսակետ, որ Նիկոլ Փաշինյանն անցած օրերին տարբեր միջոցներով ճնշել է Արմեն Սարգսյանին՝ նման որոշում ստանալու համար։ Գուցե։ Բայց եթե հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնում է մեկը, ով իր որոշումները կայացնում է ոչ թե՝ Սահմանադրության ու սեփական խղճի հանգույն, այլ՝ այս կամ այն կողմից՝ անձերի կամ այս կամ այն գերտերության կողմից բանեցվող ճնշումների, ուրեմն կասկածի տակ է հայտնվում այդ պաշտոնը զբաղեցնելու նրա՝ առնվազն բարոյական իրավունքը։
Ընդ որում, Արմեն Սարգսյանն իր այս քայլով մեծապես նպաստեց հանրապետության նախագահի պաշտոնից իր հեռացման գործընթացին։ Նրան թվում է, թե կատարելով Նիկոլ Փաշինյանի կամքը, ինքն իրեն ապահովագրել է այդ վտանգից։ Մինչդեռ, Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջին միջնորդությունը չստորագրելով՝ նա արդեն իսկ Նիկոլ Փաշինյանի տեսանկյունից դավաճանական քայլ է կատարել, ինչն իրավիճակի հանդարտեցումից հետո, վստահաբար, հետևանքներ է ունենալու Արմեն Սարգսյանի համար։ Վկան՝ որևէ կրթություն չունեցող Վահագն Հովակիմյանի մտքի զեղումները։
Արշավիր Իշխանյան