Բաժիններ՝

Ինչու են բուժաշխատողներին բաժանել ավելի ցածր դրույքաչափերով նոր պայմանագրեր. Նախարարության պարզաբանումը

168.am-ն այսօր տեղեկություն էր ստացել, որ տարբեր հիվանդանոցներում բուժաշխատողներին ստիպում են ստորագրել ավելի ցածր աշխատավարձով աշխատելու նոր պայմանագիր, իսկ  չստորագրելու դեպքում՝ հեռացնում աշխատանքից:

Մեր աղբյուրը մասնավորապես միջադեպին առնչվել էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում, որտեղից, սակայն, մեր հարցմանն ի պատասխան՝ հերքել էին լուրի իսկությունը:

Մենք ստիպված եղանք հրապարակել մեզ փոխանցված այն պայմանագրի օրինակը, որով բուժաշխատողին հայտնում էին՝  «նվազել է Ձեր զբաղեցրած հերթապահ կրտսեր բուժաշխատողի դրույքաչափը»:

Նկատենք՝ դրույքաչափերը նվազեցվում են Առողջապահության նախարարության կողմից, իսկ թե ինչո՞ւ՝ ավելի ուշ եղավ նաև նախարարության պարզաբանումը. «Դրույքաչափերի փոփոխություն և դրանից բխող աշխատավարձերի վերանայում չի եղել: Պարզապես կորոնավիրուսային հիվանդությունների բուժմամբ զբաղվող կենտրոնների բուժաշխատողների աշխատավարձերի համահարթեցում է կատարվել:

Դրա արդյունքում որոշների աշխատավարձը գուցե նվազել է, շատերինը` բարձրացել է, մի մասինն էլ՝ նույնը մնացել: Սկզբունքը մեկն է` տարբեր կենտրոններում նույն աշխատանքը կատարող բուժաշխատողները պետք է նույն աշխատավարձը ստանան»:

Իհարկե, քայլ առաջ է, որ նախարարությունն էլ բժշկական կենտրոնի նման չփորձեց հերքել անհերքելին, իսկ 168.am-ը կփորձի տարբեր բուժկենտրոններից գրավոր հարցմամբ տեղեկանալ, թե այդ համահարթեցման արդյունքում ի՞նչ փոփոխություններ են կրել աշխատակիցների աշխատավարձերը, ու եղե՞լ են արդյոք նախարարության կողմից մատնանշված՝ շատերի դեպքում բարձրացումները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս