Հեռո՛ւ ձեռքերդ բանակից. դու վախկոտի պես հետ կանգնեցիր «Իսկանդերների» մասին քո տխմար խոսքերից. Արա Սահակյան
«Գլխավոր սպայակույտի հայտարարության մեջ կար մի առանցքային բնորոշում՝ «իշխանության ոչ ադեկվատ գործողությունները»: Իշխանության ոչ ադեկվատությունը երևում էր վաղուց. Երբ մեկ տարի առաջ ստեղծվեց «Հայրենիք» կուսակցությունը, համագումարից սկսած մինչև այսօր մենք ասել ենք՝ այս վարչախմբի յուրաքանչյուր օրը իշխանության վրա սպառնալիք է մեր անվտանգությանը: Ցավոք, մեր նախազգուշացումներն իրականացան,- Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արա Սահակյանը և հավելեց,- Եկեք մի պահ դատենք, թե ինչ կոպիտ և աններելի սխալ արեց նա (ի դեպ, գիտեք` ես միշտ նա եմ ասում, կամ նրա, կամ դրա. ո՞վ է նա, որ դուք նրան ազգանունով եք դիմում՝ անունն էլ վրան դնում): Պետությունը և նրա 30 տարվա պատմությունը վարկաբեկելու ճանապարհին նա հասավ նրան, որ, երբ ստացավ ԳՇ պետի հայտարարությունը, նա հոգեխանգարմունքի մեջ անմիջապես ռեակցիա տվեց՝ սա ռազմական հեղաշրջման փորձ է»:
Արա Սահակյանի համոզմամբ՝ պետության ղեկավարի պահվածքն այլ պետք է լիներ՝ պետք է հրավիրեր անվտանգության խորհրդի նիստ, փակ դռների հետևում լսեր ԳՇ պետի տեսակետը. «Փակեիք դռները և գաղտնի քննարկման ժամանակ լսեիք, թե ինչ նկատի ունի շտաբի պետը, որ չի կարողանում այս հանգամանքներում իրականացնել իր գործառույթները և ուզում է, որ դու չքվես»:
Քաղաքական գործիչը անդրադարձավ նաև հանրահավաքի վայրի՝ Բաղրամյան պողոտայի ընտրությանը. «Սա հենց այնպես հարմար տեղ չի. բոլոր պրոցեսների իրավական ավարտը լինելու է այս շենքում. խորհրդարանն է որոշելու, հանգուցալուծումը լինելու է խորհրդարանում: Արտախորհրդարանական ընդդիմությունը դրսում է, որովհետև այնտեղ ձայն չունի, խորհրդարանական փոքրամասնությունն այստեղ է, որովհետև նիստ չեն հրավիրում:
Որևէ մեկը այդ քայլողներից իրեն հաշիվ տալի՞ս է, որ ինքը ստացել է ժողովրդի մանդատը: Անամոթաբար գնացել-կանգնել են կողքը ու հիմա թրև են գալիս Երևանի փողոցներում. ձեզ ժողովուրդը մանդատ է տվել, ձայն է տվել, որ դուք նիստ հրավիրեք, կարծիք ձևավորեք, և մարդկանց ուղղություն ցույց տաք. դարձել եք գործադիր իշխանության խամաճիկը, նույնը և կառավարությունը՝ չեն գնահատում իրենք, որ կոլեկտիվ պատասխանատվություն կրող պետական մարմնի ներկայացուցիչ են. բոլորը քաշվել են մի կողմ»:
«Եվ ինչո՞վ խաբեց նա ժողովրդին՝ արդարություն, արդարություն. անարդարություն եղել է միշտ՝ և՛ մեր իշխանության ժամանակ, և՛ նախորդ իշխանության ժամանակ, և հիմա՛՝ ոչ պակաս, կոռուպցիա միշտ է եղել՝ և՛ այն ժամանակ, և՛ հիմա՝ ոչ պակաս, գանձագողությունը միշտ էլ եղել է, իսկ ի՞նչ է պետության ֆունկցիան գլխավոր (որ ձեզ խաբեց, հարգելի բարեկամներ, որոնք այս հրապարակում չեն, այլ այն հրապարակում են) մի երկու կաշառակերի բռնե՞լն է. մի՞թե դուք չեք հասկանում, որ պետության գլխավոր ֆունկցիան քաղաքացիների անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելն է. մնացյալ ամեն ինչ դրանցից ածանցյալ է: Մենք այսօր կորցնում ենք նաև մեր անկախությունը և մեր անկախության գլխավոր առհավատչյան՝ մեր բանակը:
Հեռո՛ւ ձեռքերդ բանակից. դու վախկոտի պես հետ կանգնեցիր «Իսկանդերների» մասին քո տխմար խոսքերից, նույն ձևով հետ վերցրու քո խոսքը՝ որ զինվորականների հայտարարությունն ընդամենը ռազմական հեղաշրջման փորձ էր, հե՛տ կանգնի քո չարագործությունից:
Ես տեղյակ եմ, որ ցանկանում է, և այսօր այդ մասին կիմանաք դուք, արտահերթ ընտրությունների գնալ: Ուրեմն, հատկապես այդ տեսակետը պետք է շատ մեծ կասկածներ առաջացնի հենց իր կողքը կանգնած մարդկանց մոտ. նա ուզում է արտահերթ ընտրությունների գնալ այնպես, ինչպես այդ հանրահավա՞ քն է կազմակերպել, նա ուզում է գնալ արտահերթ ընտրությունների՝ օգտագործելով համայնքապետերին փոխող օրենքը, մարզպետների ռեսուրսները, օգտագործելով իրեն հավատարիմ օլիգարխների փողերը. չի՛ կարելի թույլ տալ, որ այս իշխանությունը և այս վարչախումբը մնա աթոռին ու կազմակերպի արտահերթ ընտրություններ. մեզ սպասվում է նոր առճակատում, և մենք չե՛նք ընկրկելու»,- իր ելույթը եզրափակեց Արա Սահակյանը: