«Հայաստանի դատախազությունը պաշտոնապես ընդունում է, որ Կոստանյան Գևորգը հետախուզման մեջ չի գտնվել և չի էլ գտնվում». ՀՀ նախկին գլխավոր դատախազ

«Հենց մեղադրանք առաջադրելուց 10 օր հետո ես հայտարարեցի՝ հենց հիմա հայտնեք այն օրը, երբ հրապարակային քննարկում կապահովեք, ես հաջորդ օրը Երևանում եմ: Ինչո՞ւ… Որովհետև ինձ համար հրապարակային քննարկում կազմակերպելը շատ կարևոր էր, որպեսզի հանրությունը կարողանա իրականում հրապարակայնորեն տեսնել՝ ինչի՞ մասին է խոսքը, ո՞վ է Մարտի 1 կազմակերպել, և ո՞վ է դրա պատասխանատուն»,- Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում, 168.am-ի եթերում ասաց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության նախկին ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը՝  անդրադառնալով իր հետախուզման հետ կապված ոդիսականին:

Նա հիշեցրեց նաև, որ ասել է՝ եթե իր հետ կապված գործողությունների մեկ ապացույց ներկայացնեն, ինքը պատրաստ է ցանկացած մեղք ընդունել: Դա էլ չի արվել, որովհետև, ըստ Գևորգ Կոստանյանի, որևէ ապացույց չունեն և չեն կարող ներկայացնել:

«Երրորդ, ամենակարևորը այն է, որ հենց պատերազմի սկսվելու օրը ես ասացի՝ թողեք վերադառնամ, մասնակցեմ պատերազմին, դրանից հետո ուզում եք՝ կալանավորեք, ինչ ուզում եք՝ արեք: Ցավոք սրտի, դրան էլ չհամաձայնեցին»,- ասաց ՀՀ նախկին գլխավոր դատախազը:

Նրա խոսքով՝ այս տարիների ընթացքում հայտարարում էին, որ Կոստանյան Գևորգը թաքնվում է քննությունից, և նրա գտնվելու վայրը հայտնի չէ, չնայած այն բանին, որ ինքը թե հրապարակային, թե փաստաթղթավորված ներկայացրել է իր գտնվելու վայրը:

«Ասել էի, որ գտնվում եմ այստեղ: Շաբաթը մեկ հարցազրույցներ էի տալիս: Մոսկվայում հանդիպում էի Հայաստանից ժամանած լրագրողների հետ ու հարցազրույցներ տալիս, բայց դա բավարար չէր: Սակայն պատմեմ ամենազավեշտալին: ՀՀ գլխավոր դատախազության դատախազ Ա. Մարգարյանը որոշում է կայացնում և հայտնում շատ կարևոր հանգամանք: Ասում է՝ գործով պարզվել է, որ Կոստանյան Գևորգը ՌԴ-ում հետախուզման մեջ չի գտնվել և չի գտնվում»,- ասաց ՀՀ նախկին գլխավոր դատախազը:

Ի հավելումն՝ նա նշեց, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը հայտարարում է, որ Գևորգ Կոստանյանը ՌԴ-ում հետախուզման մեջ չի գտվում:  Այսինքն՝ առնվազն 2 տարվա մեջ, երբ հետախուզում էին հայտարարել, էլի կեղծում էին:

Որպես ապացույց իր խոսքերի՝ Գևորգ Կոստանյանը ցույց տվեց համապատասխան փաստաթուղթը:

«Ես կարող եմ այս փաստաթուղթը Ձեզ ուղարկել: Այն անգամ ինձ համար էր զավեշտ: Փաստորեն ՀՀ-ն պաշտոնապես հայտարարում է, որ, ինչպես իրենք են ասում, «ձեռնարկվում են միջոցներ Կոստանյան Գևորգին հայտնաբերելու ուղղությամբ», բայց Հայաստանի դատախազությունը պաշտոնապես ընդունում է, որ Կոստանյան Գևորգը հետախուզման մեջ չի էլ գտնվել և չի էլ գտնվում: Հետևաբար՝ այս ամբողջ ընթացքում Կոստանյան Գևորգին վերադարձնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելն աբսուրդ էր: Ես իմ դատախազական պրակտիկայում նման բանի չէի հանդիպել, և ես Ձեզ վստահեցնում եմ, որ ՀՀ նախկին ու ներկա ոչ մի դատախազ նման բան չի լսել»,- ասաց Գևորգ Կոստանյանը:

Նա հավելեց նաև, որ ՌԴ դատախազությունն իր նկատմամբ հետախուզում չի հայտարարել, որովհետև ի սկզբանե ՀՀ դատախազությանը պատասխանել են, որ Կոստանյան Գևորգի նկատմամբ մեղադրանքն ապօրինի է և չի բխում միջազգային կոնվենցիայի պահանջներից:

«Եվ այս մի տարին ՀՀ դատախազությունը շարադրություն ներկայացնելով՝ փաստորեն, խաբել է հանրությանը: ՀՀ դատախազությունը, ունենալով այն փաստաթուղթը, որ Կոստանյան Գևորգին չի կարող բերել Հայաստան, որովհետև ՌԴ դատախազությունը հայտարարել է, որ ես հետախուզության մեջ չեմ ու չեմ էլ եղել, և այդ պայմաններում ես ասում եմ՝ դուք չեք կարող ինձ բերել Հայաստան, բայց ես ուզում եմ գալ, ու ինձ մերժում են»,- եզրափակեց Գևորգ Կոստանյանը՝ շեշտելով, որ չեն ուզում, որ ինքը գա, որ ստիպված չլինեն ընդունել՝ ով ինչ մեղավորություն ունի Մարտի մեկի սպանությունների ու դատավարությունը կեղծելու տեսակետից:

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Տեսանյութեր

Լրահոս