Ներեցեք, ի՞նչ է փողոցում անում իշխանությունը․ պարա՞պ եք․ Արա Սահակյան

«Գտնվում ենք քաղաքական ճգնաժամի մեջ, և այն իշխանության անգրագետ, ոչ քաղաքական քայլերի պատճառով շարունակ խորանում է»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արա Սահակյանը։

Ինչ վերաբերում է Գլխավոր շտաբի հայտարարությանը՝  նա նշեց․ «Պարզ է, որ իշխանությունն առանց մտածելու, ինչպես բոլոր հարցերում էր, շատ արագ այն գնահատեց՝ որպես ռազմական հեղաշրջման փորձ։ Խոսվում է այն մասին, որ Սահմանադրության 14-րդ հոդվածն արգելում է զինվորականներին՝ զբաղվել քաղաքականությամբ, և նրանց պարտադրվում է պահպանել քաղաքական չեզոքություն, չզբաղվել քաղաքականությամբ։ Ես ցանկանում եմ մեր ժողովրդին մի քանի բացատրություն տալ։ Լինել չեզոք՝ ներքին քաղաքականության մեջ, նշանակում է՝ չմիանալ գոյություն ունեցող ճամբարներից մեկին։ Այս իմաստով զինվորականները չեզոքությունը չեն խախտել»։

Անդրադառնալով հանրահավաքներին՝ «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամն ասաց․ «Այն, որ հատկապես արտախորհրդարանական ընդդիմությունը հանրահավաք է անցկացնում, դա բնական է, այն, որ խորհրդարանական ընդդիմությունը նույնպես մասնակցում և կազմակերպում է այդ հանրահավաքները՝ դա նույնպես բնական է, որովհետև ԱԺ-ն անգործության մեջ է։ Ազգային ժողովի մեծամասնությունը գործադուլ է հայտարարել, նրանք չեն կատարում իրենց սահմանադրական լիազորությունները։ Ներեցեք, ի՞նչ է փողոցում անում իշխանությունը․ փոխարենը զբաղվելու կառավարմամբ՝ զբաղված է փողոցներում թրև գալով։ 3 տարի առաջ փողոցային անկարգություններով եկան իշխանության, հիմա նույնն են անում։ Դուք գործ չունե՞ք անելու, պարա՞պ եք։ Մի լավ ընկեր ունեինք, այս դեպքերում ասում էր՝ եթե պարապ ես, արի, ասեմ՝ ինչ անես։ Հիմա ասե՞մ՝ ի՞նչ անեք։ Ի՞նչ եք ուզում ժողովրդին ասել, որ չեք կարողանում։ Հանրային հեռուստաընկերությունը՝ մի քանի միլիոն լսարանով, ձեր ձեռքում է, ժողովրդին ուղերձով դիմելու հնարավորություն ունեք»։

Արա Սահակյանը նշեց, որ ինքը 1990-99թթ․ եղել է ԱԺ անդամ, իսկ 2013-2018թթ.՝ դեսպան։

«Մենք պայքարում էինք Ղարաբաղի համար, հետո հասկացանք,  որ այն ձեռք չենք կարող բերել, եթե չունենք ինքնուրույնություն, ինքնիշխանություն, ազատություն, և առաջ եկավ անկախության համար պայքարը։ Հիմա անկախության սերնդի իմ ընկերներին հարցնում եմ՝ իրո՞ք ձեզ համար կոռուպցիայի դեմ պայքարն ավելի բարձր է, քան Ղարաբաղը, քան անկախությունը։ Եթե դուք կոռուպցիայի դեմ այդպես պայքարող էիք, մեր իշխանության ժամանակ ինչո՞ւ չէիք պայքարում։ Իրո՞ք դուք օլիգարխների դեմ էիք ուզում պայքարել։ Մեր ժամանակ շատ լավ էլ կոռուպցիա է եղել, օլիգարխները ծնվել են մեր ժամանակ, մեր հովանու ներքո։ Մեր ծնած օլիգարխներն են այսօր սրան աջակցում։ Դուք հասկանում եք, որ կործանում եք ձեր ամբողջ պատմությունը, ձեր կյանքից կտրում եք 30 տարվա պատմությունը։ Ի՞նչ կոռուպցիա։

Պետության մասին քիչ թե շատ գիտելիք ուենցող մարդը չգիտի՞, որ պետության գլխավոր խնդիրը կոռուպցիայի դեմ պայքարը չէ, գլխավորը քաղաքացիների անվտանգությունն ու բարեկեցությունն է, կոռուպցիան և մյուս խնդիրները գալիս են դրանից հետո։ 1990թ․ սերնդի բոլոր այն մարդիկ, ովքեր փողոց դուրս չեն գալիս և չեն հայտնում իրենց կարծիքը՝ բոլորը հանցակից են»,- նկատեց «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամը։

Տեսանյութեր

Լրահոս