
Երկիրը նպատակային տարվում է անորոշության, ցնցումների, ինչը հղի է ծանր հետևանքներով. Էդմոն Մարուքյան

Երկիրը Նպատակային տարվում է անորոշության, ցնցումների, ինչը հղի է ծանր հետևանքներով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` անդրադառնալով երեկվա ներքաղաքական իրադարձություններին:
«Ամփոփենք երեկ տեղի ունեցածը։
Այսպիսով, Հանրապետության նախագահը վերադարձրեց վարչապետի առաջարկությունը՝ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ` հայտարարության մեջ նշելով, որ վարչապետի միջնորդությունն (հրամանագրի նախագիծը) առերևույթ հակասում է Սահմանադրությանը:
Վարչապետը, չգնալով որևէ զիջման, հայտարարեց, որ փաստաթուղթը վերադարձնում է նախագահին և հույս ունի, որ այս անգամ նախագահն այն կստորագրի։
Եվ քանի որ Հանրապետության նախագահն արդեն իսկ հայտարարել է, որ տեսնում է խնդիր` կապված Սահմանադրության հետ, ապա ակնհայտ է, որ նա կօգտագործի Սահմանադրական դատարան դիմելու իր լիազորությունը, որի համար ունի եռօրյա ժամկետ։
Սահմանադրական դարատանը գործը պետք է քննի նախագահի դիմումն ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում։
Ստացվում է, որ երկիրը ևս տասներեք օր մնում է անորոշ պատային վիճակի մեջ, որտեղ գլխավոր դերակատարը` վարչապետը, որևէ լայնախոհ, պատասխանատու և պետականամետ քայլ չի կատարում առանց այն էլ պրկված մթնոլորտը լիցքաթափելու և ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու համար։
Երկիրը Նպատակային տարվում է անորոշության, ցնցումների, ինչը հղի է ծանր հետևանքներով»։