Վիճակագրական կոմիտեն հերքում է Փաշինյանին. ՀԴՄ կտրոնների շրջանառությունը չի ավելացել

Փետրվարին կառավարության հերթական նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախորդ տարվա համեմատ ՀԴՄ կտրոններ ավելի շատ են տպվել։ Մինչդեռ, ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները հերքում են վարչապետի պնդումները։ Մասնավորապես՝ 2021 թվականի հունվար ամսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի տնտեսությունը 7,5 տոկոսով անկում է գրանցել։ Առևտի շրջանառությունը կրճատվել է -15,1 տոկոսով, ծառայությունների ոլորտը՝ -10,3 տոկոսով, արդյունաբերությունը՝ -10,8 տոկոսով։ Հետևաբար այս անկման ցուցանիշների պայմաններում չէր կարող ՀԴՄ կտրոնների շրջանառությունն ավելանալ։


Փաշինյանի հայտարարությանը հակասում է նաև այն փաստը, որ միջին ամսական անվանական աշխատավարձը 3,8 տոկոսով նվազել է։ Հետևաբար, նվազող եկամտի և 4,5 տոկոս ապրանքների գնաճի պայմաններում մարդիկ չէին կարող շատ առևտուր անել։ Ի դեպ, վերջին շրջանում բանկերն էլ սպառողական վարկերի ֆինանսավորումը զգալի կրճատել են։ Իսկ արտահանման -11,3 տոկոս անկումը փաստում է, որ Հայաստան ավելի քիչ գումար է հոսել։ 2020 թվականի հունվար ամսվա վատ ցուցանիշներն ազդել են նաև փետրվարի վրա և չէին կարող իրարից կտրուկ տարբերվել։

Նման խիստ լավատեսական հայտարարությունը վարչապետն արել էր նաև 2020 թվականի օգոստոսի համար, ինչը դարձյալ հերքվեց պաշտոնական վիճակագրությամբ։

Ամփոփելով՝ կարելի է արձանագրել, որ երկրում շարունակում է խորանալ ֆինանսատնտեսական ճգնաժամը, իսկ գործող իշխանությունները սոցիալ–տնտեսական խնդիրները բացահայտելու և դրանք լուծելու փոխարեն, լավատեսական կեղծ հայտարարություններով սխալ ազդակներ են հղում հանրությանն ու բիզնեսին։

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանի ֆեյսբուքյան էջից

Տեսանյութեր

Լրահոս