«Այս պահին Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու իրավական հնարավորությունները բավականին սահմանափակ են». քաղաքագետ

2021թ. փետրվարի 25-ին Հանրապետության նախագահին էր ներկայացվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ համապատասխան հրամանագրի նախագծով: Մինչ բոլորը սպասում էին, թե ինչ պատասխան կհնչի նախագահականից, այսօր արդեն «ծխնելույզից բարձրացավ սպիտակ ծուխը». նախագահի որոշումը հայտնի է: Արմեն Սարգսյանը վերադարձրեց Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը:

ՀՀ նախագահի գրասենյակից տարածված հայտարարության մեջ նաև ասվում էր.

«Իրավաբանների և փորձագետների տեսակետներն ամփոփելով՝ կարելի է եզրակացնել, որ հրամանագրի նախագիծն առերևույթ հակասում է Սահմանադրությանը:

Մեկ անգամ ևս շեշտում ենք, որ Հանրապետության նախագահը չի պաշտպանում որևէ քաղաքական ուժի և որոշումները կայացնում է՝ առաջնորդվելով բացառապես համապետական և համազգային շահերով: Անվիճելի է, որ զինված ուժերը քաղաքական հարցերում պետք է պահպանեն չեզոքություն»:

Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահի հայտարարությունից 20 րոպե անց արձագանքեց Արմեն Սարգսյանի այս որոշմանը՝ ֆեյսբուքյան գրառմամբ.

«Հանրապետության նախագահը որոշեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին պաշտոնանկ անելու հրամանագրի նախագիծը առարկություններով ետ ուղարկել վարչապետի աշխատակազմ: Այս որոշումը ամենևին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը: Ես սահմանված կարգով ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում եմ Հանրապետության նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի:

Մնացածը՝ ինչպես նախօրեին պայմանավորվեցինք Հանրապետության հրապարակում»:

Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը, 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով նախագահի կողմից առաջարկության մերժմանը՝ նկատեց.

«Այդտեղ կա որոշակի իրավական գործընթաց, բայց պետք է հաշվի առնել, որ Նախագահի պատասխանի մեջ գրված է, որ  սա նախագահի աշխատակազմի տեսանկյունից հակասում է Հայաստանի Սահմանադրությանը:  Այսինքն՝ նոր, լուրջ հիմնավորումներ են պետք, որպեսզի նորից  ներկայացվի նման խնդրանք, կամ պահանջ, որ փոխվի Գլխավոր շտաբի պետը»:

Անդրադառնալով Սահմանադրական դատարանում այս դիմումի հնարավոր ճակատագրին՝ քաղաքագետը հավելեց.

«Այնպես չէ, որ եթե Սահմանդրական դատարան դա գնաց, ապա անպայման  որոշվելու է վարչապետի  կարծիքի համաձայն, այսինքն՝ ավելի հավանական է, որ ՍԴ-ում էլ դա կմերժվի: Այսպիսով, մեծ հաշվով, այս պահի դրությամբ իրավական հնարավորությունները Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու բավականին սահմանափակ են»:

Տեսանյութեր

Լրահոս