Ո՞ր դեպքում Փաշինյանը Քադաֆիի վերջին չի արժանանա

Տևական ժամանակ է, հայ հանրությունը Նիկոլ Փաշինյանին համեմատում է Ադրբեջանի նախկին նախագահ Էլչիբեյի հետ, սակայն փետրվարի 25-ին տեղի ունեցած իրադարձությունները դարձան առիթ Փաշինյանին համեմատելու արդեն նաև  Վրաստանի առաջին նախագահ Գամսախուրդիայի հետ, որը 90-ականներին, երբ ընդդիմությունը շարժվում էր դեպի Վրաստանի ԱԺ շենք, իր աջակիցներին հավաքել էր փողոցի մյուս հատվածում. այդպես արեց Փաշինյանը, որի կազմակերպած հանրահավաքից պարզ դարձավ, որ աջակիցների թիվը 2.5 տարում այն աստիճան է պակասել, որ ստիպված է երթ անել՝ մարդ հավաքելու նպատակով։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Գլխավոր շտաբի՝ փետրվարի 25-ին տարածած հայտարարությանը՝ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի պահանջով, ասաց Հանրապետական կուսակցության Երիտասարդական կառույցի անդամ Հայկ Դերզյանը։

«Այստեղ, սակայն, Փաշինյանի կոչով հրապարակ գնացած մարդիկ պետք է հստակ գիտակցեն, որ Փաշինյանը նրանց կանչել էր որպես վահան՝ հնարավոր գործողությունների պարագայում այդ քաղաքացիները լինելու էին տուժողի դերում, ինչպես եղան 13 տարի առաջ՝ Մարտի մեկի ժամանակ»,- ասաց Դերզյանը՝ տգիտություն որակելով Փաշինյանի  հնչեցրած «հեղաշրջման փորձ» ձևակերպումը՝ քանի որ նման փորձը նախապես չի հայտարարվում։

Ըստ Դերզյանի՝ երկրում ստեղծվել է մի իրավիճակ, որ Նիկոլ Փաշինյանն ընդամենը կարող է օգտվել ընդդիմության կողմից իրեն տրված հումանիտար միջանցքից ու հեռանալ՝ դրա համար շնորհակալություն հայտնելով ընդդիմությանը։

«Փաշինյանը լավագույն դեպքում Քադաֆիի օրն էր ընկնելու, եթե այդ հումանիտար միջանցքից չօգտվի։ Նրան հստակ ասված է ՝ այդ միջանցքից օգտվիր և հրաժարական տուր»,- ասաց Դերզյանը՝ շեշտելով, որ մինչ այս պահն ընդդիմությունը գործում է զգուշավոր, որովհետև իր աչքի առաջ ունի մի վատ նախադեպ՝ նույն մարդու մասնակցությամբ ուղիղ 13 տարի առաջ տեղի ունեցածը։

Անցնցում հեռանալու կամ  ժողովրդին քաղաքացիական բախումների տանելու ճանապարհներից ո՞րը կընտրի Նիկոլ Փաշինյանը՝ հարցին էլ՝ Հայկ Դերզյանը պատասխանեց.

«Հույս ունեմ՝ Փաշինյանը չի հասցնի ընտրել այն ճանապարհը, որի դեպքում նրա վերջը չի տարբերվի Քադաֆիի վերջից, որովհետև մեկ անգամ այն ճանապարհը, որը նա ընտրել էր 13 տարի առաջ, հանգեցրել է զոհերի։ Եթե նա գոնե մեկ տոկոս իր անվտանգության մասին է մտածում, պետք է հեռանա՝ Քադաֆիի վերջին չարժանանալու համար, որովհետև ինչ-որ պահից կարող են այլևս մարդիկ չենթարկվել ընդդիմությանը և դիմել գործողությունների, թեև ակնհայտ է, որ եթե Փաշինյանը լիներ ընդդիմություն, կամ այսօրվա ընդդիմությունը նրա նման ղեկավար ունենար, երկրում արյունահեղություն կլիներ դեռ նոյեմբերի 9-10-ին, բայց քանի որ նրա նման չենք, նրան տվել ենք  հումանիտար լեգիտիմ միջանցք՝ հեռանալու համար»,- ասաց  նա։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս