«Անցյալն ու ներկան կռիսի նման կերավ, հիմա էլ ապագան է ուտում». Կարեն Բեքարյանը՝ Փաշինյանին

Քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանի խոսքով՝ աշխարհում չկա որևէ ազգ կամ պետություն, որը, հաղթանակներից բացի, չի ունեցել նաև պարտություն։ Սակայն կա մեկ կարևոր հարց՝ հայը՝ որպես ազգ, պետություն, պարտվե՞լ է, թե՞ նրան տարել են ստորացուցիչ պարտության, տարել են դավաճանաբար՝ պարտությունը պատրաստելով դետալ առ դետալ։

«Մենք այս մասին խոսում էինք սկսած 2018 թվականի աշնանից։ Մեզ ասում էին, որ լավ, այդ հարցերը բարձրաձայնելուց զատ, չե՞ք փորձում այդ անուղեղներին որևէ բան հուշել, ժողովուրդ, հնարավոր ու անհնար բոլոր ձևերով հուշում էինք։ Ասում էինք, որ ԱԺ-ում նստած մեծամասնություն, կառավարություն կոչվածները մեկն այստեղ էր տնազ, մյուսը՝ այնտեղ, քանդում են այս երկիրը, տանում են աննկարագրելի պարտության։ Զգուշացնում էինք, հուշում էինք, խոսում էինք։ Կներեք, հարգելի ժողովուրդ, այստեղ և այստեղից դուրս՝ ձեզ էլ էինք հուշում, ասում, որ այսօրվան չհասնենք»,- Բաղրամյան պողոտայում ընդդիմության հանրահավաքի ժամանակ նշեց Կ. Բեքարյանը։

Ըստ նրա, ծրագրված չորս ուղղություններով քայլ առ քայլ իշխանությունը պետությունը տարել է կործանման։ Թվարկելով չորս ուղղությունները, Կարեն Բեքարյանն առաջինը նշեց ռազմական ուղղությունը։

«Ինչպես կարելի էր չունենալով իրական պատկերը՝ գնալ քայլերի, ռազմական ղեկավարության մեջ տարաբնույթ ռոտացիաների, սև ու սպիտակի բաժանումով մարդկանց հեռացման, որ բանակի մեջքը կոտրեն, ստեղծեն իրավիճակ, որ շունը տիրոջը չի ճանաչում։ Եթե դա անում է թշնամին քո տարածքում, հասկանում ես՝ ինչու է անում, բայց երբ անում է քո կառավարությունը հետևողականորեն, ո՞րն է  լինում սրա նպատակը»,- հավելեց նա։

Անդրադառնալով երկրորդ ուղղությանը՝ դիվանագիտությանը, Կարեն Բեքարյանն ասաց, որ ապշել է դիվանագետների վրա, որոնց հիմնական մասն այս ամբողջ ընթացքում հասկանալով, թե ինչպես են երկիրը խորքից սղոցում՝ բերանները փակ են պահում։

«Ինչպե՞ս կարող էր դիվանագիտական ճամբարներում հասնել նրան, որ տարիներ ի վեր Արցախի հարցի կարգավորման գործընթացում կառուցողական, հասկանալի, ընկալելի Հայաստանի դիրքորոշումը, երբ բոլորը Ալիև որդուն մատով էին ցույց տալիս, բերել նրան, որ Ադրբեջանը լինի ընկալելի, իսկ Հայաստանը ներկայացնողն ընկնի գժի կանխավարկածի տակ, որը նույն օրվա ընթացքում քսան տարբեր բաներ է խոսում։ Նա քաոս է սարքել, այնպես, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամները նայեն միմյանց դեմքին ու ասեն՝ իրենց ապուշի տե՞ղ է դրել։ Ինչպե՞ս կարող ես մերկացնես քո երկիրն ու ժողովրդին ու տանես թշնամուն մատաղ անես։ Մի մարդու համար այսքան ապուշություն չի լինում, դա միայն ծրագրված է լինում»,- շեշտեց նա։

Ինչ վերաբերում է տեղեկատվական ճակատին, Կարեն Բեքարյանը նշեց, որ Ադրբեջանն աշխարհով մեկ իր մոտեցումները, շահերը, ցանկությունները  տարածելու համար, չնայած ուներ քրտնաջան աշխատողներ, սակայն չուներ որևէ հաջողություն։ Սակայն վերջին երեք տարվա ընթացքում նույն տեղեկատվական դաշտում Ադրբեջանն ինչ ուզել՝ արել է, և Հայաստանի տեղեկատվական դաշտի մարտիկին՝ Արա Սաղաթելյանին, ձերբակալել են, որպեսզի Ադրբեջանի հաչոցներին պատասխանող չլինի։

Չորրորդ ուղղությունը հոգեբանական ուղղությունն է, որտեղ, ըստ Բեքարյանի՝ իշխանությունը հայ ազգին կապող բոլոր արժեքները ոտքի տակ է դրել, հարձակվել է հայոց լեզվի, Առաքելական եկեղեցու, մշակույթի վրա։

«Անցյալն ու ներկան կռիսի նման կերավ, հիմա էլ ապագան է ուտում։ Այնքան բաժանարար գծեր տարավ հասարակության մեջ, որ մարդիկ իրար բարևելուց մտածում են՝ բարևե՞ն, թե՞ ոչ»,- ընդգծեց Կարեն Բեքարյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

 

Տեսանյութեր

Լրահոս