
Գերիների հարցի լուծման հետաձգումը մարտահրավեր է Ռուսաստանին. Արա Այվազյան

Հայաստանը կատարել է ռազմագերիներին «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով հանձնելու իր պարտավորությունները, «РИА Новости»-ին տված հարցազրույցում արձանագրել է ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ ավելացնելով, որ ի հեճուկս դրան՝ Ադրբեջանն արհեստական և անհիմն խոչընդոտներ է ստեղծում հայ ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման ուղղությամբ։
Նա ընդգծել է, որ ադրբեջանական կողմը մանիպուլյացիայի է ենթարկում հայ գերիների ցուցակը և հրաժարվում է ընդունել հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց գերության մեջ պահելու փաստը: Ավելին, պաշտոնական Բաքուն որոշ ռազմագերիների դեմ կեղծ մեղադրանքներով քրեական գործեր է հարուցում։
«Ադրբեջանի նմանօրինակ վարքագիծը ոչ միայն հակասում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին, այլև հանդիսանում է եռակողմ հայտարարության դրույթների ուղղակի խախտում՝ դրանով իսկ հարցականի տակ դնելով վերջինիս դրույթների իրականացումը», – նկատել է նախարարը:
Նա բոլոր ռազմագերիների շուտափույթ և անվտանգ վերադարձն առաջնահերթություն է համարել։
«Այս հարցում մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության՝ որպես պատասխանատու և անկողմնակալ միջնորդի ջանքերը ռազմագերիներին վերադարձնելու մասին պայմանավորվածության լիարժեք կատարման հարցում: Համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ հայ գերիների մի մասի վերադարձը հայրենիք։ Այս մարդասիրական հարցի լուծման հետագա ձգձգումը, իհարկե, ոչ միայն խորացնում է հայ հասարակության ցավը, այլև միևնույն ժամանակ ուղղակի մարտահրավեր է ինչպես Ռուսաստանի Դաշնությանը՝ որպես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարման երաշխավորի, այնպես էլ՝ ընդհանուր առմամբ միջազգային հանրությանը», – ասել է Այվազյանը։