«Բնականաբար, այս իշխանությունների մնալը Թուրքիային ձեռնտու է՝ սա ակնհայտ փաստ է». Վահրամ Բալայան

168.am հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանն անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե Արցախի հարցը լուծված է, և կարգավիճակի հարցը չպետք է լինի որևէ օրակարգում, նկատեց՝ հայկական կողմը և միջազգային հանրությունը մշտապես բարձրաձայնել է, որ Արցախի հարցն ուժային լուծում չունի։

«Պատերազմի միջոցով այս հարցի լուծումը հնարավորություն կստեղծի, որ հետագայում նոր պատերազմ լինի։ Այսինքն՝ այդ ուժային դիրքերից խոսելու պրակտիկայից հեռու մնալ, որովհետև 30 տարիների ընթացքում անընդհատ ուժային դիրքերից խոսելու արդյունքում մենք ունեցանք այն լայնածավալ պատերազմը, որն ըստ էության հարցի լուծում չապահովեց։ Արցախի կարգավիճակը հարցը շարունակում է մնալ առկախված, Արցախի տարածքների մեծ մասն Ադրբեջանի կողմից օկուպացվել է, կարծում եմ՝ միջազգային հանրությունը և միջնորդ երկրները համարժեք գնահատական կտան հարցին և կապահովեն մշտական լուծում»,- նշեց Վահրամ Բալայանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին Ադրբեջանի նախագահը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Արցախի կարգավիճակի այլևս չպետք է շրջանառվի որևէ օրակարգում։ Ըստ նրա, «կարգավիճակի հարցը պետք է ամբողջովին հանվի օրակարգից և ընդհանրապես չպիտի օգտագործվի Լեռնային Ղարաբաղ հասկացողությունը, քանի որ և՛ Լեռնային, և՛ Դաշտային Ղարաբաղն Ադրբեջանի անբաժանելի մասն են»։

Անդրադառնալով Թուրքիայի արտահայտած անհանգստություներին՝ կապված Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ, Վահրամ Բալայանն ասաց. «Այդ ի՞նչ է, Թուրքիայի ղեկավարությունն արդեն մտահոգվա՞ծ է հայ ժողովրդի ապագայով, նրա պետականությամբ, իհարկե հասկանալի է, թե այս ամենի նպատակը որն է։ Թուրքիայի նպատակն է՝ Հայաստանում ունենալ իշխանություն, որի հետ ինչպես ցանկանա, այնպես կարողանա շփվել ու վերաբերվել։ Այսինքն՝ թղթերը վաղը կբերեն ու իշխանությունից կպահանջեն, թե Սյունիքն իրենց տա, այս ճանապարհը տան և այլն։ Թուրքիան բռնել է կծիկի այն թելը, որը տանում է իրենց նպատակների իրագործմանը։ Բնականաբար, այս իշխանությունների մնալը Թուրքիային ձեռնտու է, սա ակնհայտ փաստ է»,- եզրափակեց Վահրամ Բալայանը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարարը, նախագահի խոսնակն արձագանքել էին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին՝ նշելով, որ դատապարտում են տեղի ունեցողը։

 

Տեսանյութեր

Լրահոս