Դա ո՛չ Նիկոլի հոր փողն է, ո՛չ էլ Աննայի օժիտը․ Կարեն Վրթանեսյան. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հանրահավաքից տուն գնալով` նստել ու զարգացրել է իր ելույթի` բանակին առնչվող մասը, ներկայացնելով, որ բանակին հաց է տվել, ջուր, աշխատավարձ է բարձրացրել: «2019 թ. հունիսի 1-ից հայոց բանակի զինծառայողների ամսական մաքուր աշխատավարձը բարձրացել է` համաձայն հետևյալ ցանկի․
– Գնդի հրամանատար – 22 հազար դրամ, 4.6 տոկոս:
– Գնդի հրամ, տեղակալ – 51 հազար դրամ, 12.7 տոկոս:
-Գումարտակի հրամանատար – 88 հազար դրամ, 23 տոկոս:
-Վաշտի հրամանատար – 97 հազար դրամ, 32.6 տոկոս:
-Դասակի հրամանատար – 72 հազար դրամ, 26.2 տոկոս:
-Ավագ ենթասպա – 38 հազար դրամ, 18 տոկոս:
-Շարքային պայմանագրային – 23 հազար դրամ, 13.7 տոկոս:
-Սերժանտ պայմանագրային (դասընթաց անցած) – 49 հազար դրամ, 22 տոկոս»:
«Razminfo» կայքի գլխավոր խմբագիր Կարեն Վրթանեսյանը Նիկոլ Փաշինյանին հերքում է 3 առումով, փաստական, իրավական և բարոյական:
Փաստական, նախ, ըստ ռազմական փորձագետի, ավագ սպայակազմի համար սրանք չնչին գումարներ են, միջին սպայակազմի համար` միջին բարձրացումներ: «Բացի այդ, երբ խոսում է 2019 թ. բարձրացումների մասին, ապա պետք է նկատի ունենալ, որ դա արվել է նրանց մի մասին կրճատելու հաշվին: Եթե հիշում եք` Մովսես Հակոբյանն էլ իր ասուլիսում հայտնեց, որ այդ օպերատիվ օղակում ահագին մարդ էին կրճատել: Եվ եթե հիշում եք` ասում էր, որ Նիկոլի իշխանության տարիներին մեր մարտական մասը կրճատվել է: Փոխարենը, ավելացել են կաբինետային ինչ-որ աշխատողներ: Պարկետային զորքեր»,- ասում է Վրթանեսյանը: Այսինքն` այդ աշխատավարձերի իբրև թե ավելացումը եղել է ինչ-որ մարդկանց կրճատելու հաշվին, ինչն էլ նշանակում է, որ դա արվել է մեր մարտունակության կրճատման հաշվին:
Երկրորդ. Կարեն Վրթանեսյանը հարցնում է` այսօր բազմաթիվ զոհված պայմանագրայինների, սպաների ու զինվորների ընտանիքները չեն կարողանում ստանալ օրենքով հասանելիք ապահովագրությունն ու ամսական վճարները: Ուղղակի չեն կարողանում ստանալ. 2-3 երեխա ունեցող ընտանիքները զրկված են ապրուստի միջոցից: Իսկ ի՞նչն է պատճառը: Վրթանեսյանն ի պատասխան ասում է, որ նախ գումարների սղությունն է պատճառը, և երկրորդ` նորմալ չեն զբաղվում:
«Օրինակ` ՊՆ-ից ԿԲ ցուցակներն ուղարկում են, ասենք, 2 ամիս ուշացմամբ: Բայց դրանք օրեր են, չէ՞, էդ էրեխեքը պետք է հաց ուտեն, շոր հագնեն, կոմունալ ծախսերի համար վճարեն: Մարդիկ կան, որ հոկտեմբերին են զոհվել, նոյեմբերին, հուղարկավորվել են դեռ նոյեմբերին, առայսօր գումար չեն ստացել»: «Ու այս ֆոնին խոսել, որ 2019 թ. աշխատավարձեր… չգիտեմ ինչ, ուղղակի անբարոյականություն է»,-ավելացրեց Վրթանեսյանը:
Եվս մի բան. հենց հիմա բանակում կրճատումներ են, և բազմաթիվ բողոքներ կան` կապված փոխհատուցումների վճարման կարգի հետ, ինչի արդյունքում բազմաթիվ շահառուներ շատ ավելի քիչ գումար են ստացել, քան սովորաբար ստանում էին:
Իրավական կամ պետական կողմը, փորձագետն ասում է. «Դա ո`չ Նիկոլի հոր փողն է, ո`չ էլ Նիկոլի կնոջ օժիտի փողն է: Դա իմ, Ձեր ու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վճարած հարկերն են: Ի դեպ, այս տարվա փետրվարից աճել են հիմնադրամին վճարումերը: Եվ դա երեսով տալը քաղաքական առումով է անբարոյականություն: Զինծառայողը ծառայում է ոչ թե Նիկոլ Փաշինյանի համար, այլ ՀՀ անվտանգության համար, Հայաստան պետության համար, ստանում է աշխատավարձ պետբյուջեից, ոչ թե Նիկոլի անձնական հաշվից»»: