«Հայ հասարակությունը ի՞նչ անի։ Ընտրությունը մեծ չէ, կա միայն 3 տարբերակ». Դերենիկ Խաչատրյան
«Լույս» հիմնադրամի անվտանգության ու արտաքին հարցերով փորձագետ Դերենիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԵԿԵՔ ՀԱՍԿԱՆԱՆՔ
Պատմության մեջ առաջին անգամ Թուրքիան պաշտոնապես աջակցում է ՀՀ իշխանություններին, իսկ Ադրբեջանը «մեծահոգաբար» չի մեկնաբանում Հայաստանի ներքաղաքական հարցերը։ Զարմանա՞լ։ Պետք չէ։ Եկեք հասկանանք։
Երեկ ՀՀ իշխանություններին աջակցող հայտարարություններ տարածեցին Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշողլուն ու Էրդողանի աշխատակազմի ներկայացուցիչը, իսկ այսօր նույն գիծը շարունակեց արդեն անձամբ Էրդողանը։ Ալիևն էլ իր հերթին «մեծահոգաբար» հրաժարվեց ՀՀ ներքաղաքական իրավիճակին «միջամտելու» գայթակղությունից` միաժամանակ անհեթեթ ակնարկներ անելով իբրև թե երրորդ նախագահի կողմից զորքերը Ղարաբաղից հանելու «պատրաստակամության» մասին` ջուր լցնելով ՀՀ գործող իշխանությունների ջրաղացին։ ԻՆՉՈՒ՞։
Երկուսն էլ գործող իշխանություններից ակնկալիքներ ունեն։ Թուրքիան պարբերաբար հայտարարում է, որ եթե ՀՀ իշխանությունները «խելոք մնան»` նույնն է, թե ծնկի գան, հրաժարվեն Ցեղասպանության միջազգային ճանաչումից և պահանջատիրությունից, ապա կվերականգնեն երկխոսությունը։ Ալիևն էլ անհամբեր սպասում է, թե երբ է կյանքի կոչելվելու «Նախիջևանի միջանցքը», ակնկալում է, որ գործող իշխանությունները կճանաչեն Ադրբեջանի այսպես կոչված «տարածքային ամբողջականությունը» ու վերջնականապես կհրաժարվեն Արցախից։ Նա նույնիսկ այսօր ասուլիսի ժամանակ խոսում էր Հայաստանի (ոչ թե Արցախի) հետ խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորության մասին։
Այս ամենին հասնելու համար նրանց ձեռնտու են միայն ՀՀ գործող իշխանությունները։ Դրա համար նրանք պատրաստ են նույնիսկ հայ հասարակությանը ոսկե սարեր խոստանալ, քննադատել Հայաստանի բոլոր նախկին իշխանություններին` ընդհուպ սկսած Արտաշես Առաջինից։
Իսկ Հայ հասարակությունը ի՞նչ անի, երբ իր երկու ոխերիմ թշնամիներն աջակցում են իր երկրի իշխանություններին։ Ընտրությունը մեծ չէ, կա միայն 3 տարբերակ։
1. Ոչինչ չանի, որի արդյունքում Թուրքիայի ու Ադրբեջանի բոլոր պահանջները կկատարվեն, այդ երկուսը մեզ սկզբում մի փոքր կսիրաշահեն, տարբեր գործիքներով` այդ թվում ֆինանսական և քարոզչական, վերջնականապես կամրապնդեն Հայաստանում իրենց համար ձեռնտու իշխանությունը, այնուհետև կսկսենք «լավագույն» դեպքում ասիմիլացնել մեզ, կամ որ ավելի հավանական է` վերջնականապես բնաջնջել։
2. Անկարայի ու Բաքվի պես աջակցի իշխանություններին ու հոխորտա ՀՀ ԶՈՒ գեներալիտետի դեմ։ Արդյունքում տեղի կունենա առաջին կետում նշված սցենարը, ուղակի ավելի արագ և ավելի «սահուն»։
3. Հեռացնի թրքահաճո իշխանություններին ու իշխանության բերի այնպիսի ուժերի, որոնց Անկարան ու Բաքուն երբեք չեն աջակցի։ Քանի որ միայն այդպիսի իշխանությունը կարող է պաշտպանել հայ ազգային շահը, զերծ պահել երկիրը պետականության կորստից ու ազգային աղետից։ Դա բնավ չի նշանակում, որ նոր իշխանությունները պետք է ակնհայտ թշնամանք ու նոր պատերազմ սկսեն Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ։ Սա ուղարկի նշանակում է ապահովել պետության բնական ընթացքը։
Որովհետև բնական չէ, երբ Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանությունները պաշտպանում են ՀՀ իշխանություններին։ Որովհետև դա աղետ է։ Որովհետև դա շատ բանի մասին է խոսում։ Որովհետև դա հայ ազգի վերջի սկիզբն է»: