Դա նշանակում է, որ Նիկոլին արդեն չի ենթարկվի ոչ մի ուժային կառույց. Վազգեն Մանուկյան
«Այս մի քանի օրը ամենավճռականն են մեր շարժման մեջ,- Բաղրամյան պողոտայում հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդ, վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, ապա բացատրեց, թե ինչու,- 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը կոռուպցիայի դեմ պայքարելու անվան տակ մտավ բանակ և բանակը կոտրեց: Բանակը հլու-հնազանդ ենթարկվեց այդ ջարդին: Ժողովուրդը ծափահարում էր: Գեներալ անունը հայհոյանք էր դարձել արդեն: Մենք դրա հետևանքները տեսանք պատերազմի ժամանակ՝ ինչի դա բերեց:
Հիմա կատարվում է երկրորդ քայլը՝ այդ տեղակալ հանելը, այդ բորբոքվածությունը, որ առաջացավ բանակում, նորից փորձ է կատարվում ջարդել բանակը, որովհետև բանակն ինքնուրույն է:
Հիմա այսպիսի վիճակ է՝ Նիկոլը քայլ արեց, բանակն էլ իր քայլն արեց. բանակն ասեց, որ՝ Նիկոլին չեմ ընդունում: Նիկոլը դիմեց Օնիկ Գասպարյանին հանելու: Հիմա ի՞նչ կարող է լինել, եթե իրեն չհաջողվի հանել Օնիկ Գասպարյանին, ինքը պարտված է բոլոր ուժային կառույցների աչքի առաջ. դա նշանակում է, որ իրեն արդեն չի ենթարկվի ոչ մի ուժային կառույց, իսկ եթե ինքը հաղթի և կարողանա ՍԴ-ով կամ նախագահի միջոցով կամ մեկ ուրիշ ձևով հանել, ի՞նչ կլինի դրանից հետո, բնական տրամաբանությունն այն է, որ բանակը պետք է ոտքի կանգնի, և մենք այդ ժամանակ իր հետ ենք: Ամենավճռական օրերն են սկսվում Հայաստանում:
Ես համոզված եմ, որ բանակը ոտքի կկանգնի, եթե չկանգնի, մենք պետք է կանգնացնենք: Մենք շատ գործ ունենք՝ պատգամավորների հետ աշխատելու, գնալ շրջանները, բայց այս մի քանի օրում որոշվում է ամբողջ պայքարի ճակատագիրը, ու ես երկու դեպքում էլ տեսնում եմ Նիկոլի պարտություն: Երկրորդ դեպքում՝ եթե մեզ ու բանակին միանում է ողջ ժողովուրդը: Դրա համար ամուր պետք է կանգնել, պետք է լինել համբերատար և պատրաստվել վճռական գործողությունների: Մենք հենց այնպես չեն հավաքվում, վճռական օրերն առջևում են. մենք պետք է պատրաստվենք այդ վճռական օրերին»: