Բաժիններ՝

«Ես այստեղ եմ՝ սատարելու հայոց սուրբ բանակին». Տեր Աբել քահանա Քարտաշյանը Բաղրամյան պողոտայում է

Բաղրամյան պողոտայում ընթանում է «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը, որին մասնակցում է նաև Տավուշի թեմի Մովսեսի և հարակից համայնքների հոգևոր հովիվ Տեր Աբել քահանա Քարտաշյանը։

Ժողովրդին իր խոսքն ասելուց առաջ քահանան առաջարկեց միասնական աղոթք հղել առ Աստված, որից հետո նշեց, որ ինքը կանգնած է հայրենիքի փրկության հարթակին, և եթե փրկության մասին խոսք կա, ուրեմն պետք է խոսեն նաև փրկողի մասին։

«Սիրելի ժողովուրդ, առանց Աստծո ճանապարհ չունենք։ Այս պատերազմը, որի մեջ հիմա գտնվում ենք, բազմադարյա պատերազմ է, այն սկսվել է Բաբելոնից, երբ մարդկանց սրտի մեջ ապստամբության ոգի ծագեց։ Նրանք ջրհեղեղի սաստիկ բարկությունն էին զգացել։ Ապստամբողի այդ ոգին Աստծո դեմ կանգնելու, աշտարակ կառուցելու միասնական, մեկ ամբողջ իրականություն ստեղծելու ճանապարհին, ուզում էին Աստծուն ասել, որ հաջորդ ջրհեղեղն իրենց չի կարող ընկճել։ Եվ սրա համար է, որ բոլոր ժողովուրդները բաժանվեցին, դրա համար է, որ ամբողջ աշխարհում ցրվեց ողջ մարդկությունը»,- իր խոսքում ասաց քահանան։

Ըստ նրա, Հիսուս Քրիստոսն արդեն հայ ժողովրդին ընտրել է՝ որպես անդրանիկ զավակ, որպես առաջնեկ՝ պետությունով, արքունիքով՝ վկայելու, որ հայ ազգը Քրիստոսի լույսի որդիներն են։

«Այս պատերազմը մեզ հայտնի պատերազմ է, այս պատերազմում միայն ճակատամարտերն են փոխվել։ Չպատկերացնենք, որ այս գլոբալիստական շարժումը, որ ուղիղ ազգայնական իրականության դեմ է ելել, Աստծո նկատմամբ ըմբոստության նույն ալիքի վրա է։ Սիրելի հայեր, այստեղ այս ամբողջ իրականությունը քաղաքական շարժում չէ միայն, այստեղ ժողովրդական իրականություն է, ամբողջ աշխարհը դիտում է մեզ։ Այսօր մեր զենքը, մեր միասնությունն է, այսօր աշխարհի բոլոր գլոբալիստական շարժումները զրոյի են վերածվում, եթե մենք միասնական լինենք, եթե մենք ոտքի ելանք ճշմարիտի, ճշմարիտի սիրո համար։ Խոնարհումս եմ բերում մեր Գլխավոր շտաբին, որովհետև երեկ զորավար Անդրանիկի հիշատակի օրը ավելի մեծ նվեր, քան արեցին մեր հզոր գեներալները, մեր տղերքը, անբացատրելի է դա։ Հիշեք, այս պատերազմում ճշմարտության, սիրո դեմ դուրս է եկել սուտը, ապստամբը»,- շեշտեց Տեր Աբել քահանա Քարտաշյանը։

Քահանայի խոսքով՝ իրեն հաճախ են հարցնում, թե ինչո՞ւ է գյուղից եկել, ինչին ի պատասխան՝ նա ասում է, որ ինքը ծառայում է Աստծուն ու ժողովրդին, սահմանապահ է. «Եթե դուք սահմանը բերել հասցրել եք Բաղրամյան պողոտա, ես որտե՞ղ լինեմ։ Սա Աստծո որոշումն է, հավատացնում եմ ձեզ, Օնիկ Գասպարյանի որոշումը հենց այնպես չէ։ Ես այստեղ եմ՝ սատարելու հայոց սուրբ բանակին»,- խոսքը եզրափակելով՝ քահանան աղոթեց հայ զինվորի ու հայոց բանակի համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս