«Նիկոլ Փաշինյանը որևէ սրբություն չունի, որևէ ամոթ չունի. նա միշտ խաբում է». Կարեն Քոչարյան
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն այն կարծիքին է, որ Նիկոլ Փաշինյանը երեկ հանրահավաք հրավիրելով՝ մեծ հիասթափություն ապրեց:
«2018թ. հոկտեմբերին նրա ընդամենը մեկ կոչով 15-20 րոպեում ամբողջ Բաղրամյան պողոտան լցվեց մարդկանցով, և դրա վրա էր գնացել, բայց պարզվեց, որ այդպես չէ, որովհետև այս անգամ նա ոչ միայն ասաց, այլ նաև ժամանակ ձգեց, որպեսզի փորձի մարդ հավաքել, ռեսուրս օգտագործել՝ մարդկանց բերելու համար, և այդքանից հետո իրենց սիրելի Դանիել Իոաննիսյանը հայտարարեց, որ 10.200 մարդ է եղել:
Եթե հաշվի առնենք, որ այդ 10.200-ից առնվազն 2000-ը ոստիկան էին, որովհետև եթե պարզապես 150 մետր քայլելու համար 2000 ոստիկան են հանում, պարզ է, որ առնվազն 2000 էլ պետք է հանեին հանրահավաքի համար: Եթե հաշվի առնենք, որ բավականին մեծ քանակությամբ ստիպողաբար բերված մասսան էր թե՛ պետական ապարատից, թե՛ օլիգարխների աշխատողները, տակը մնում է մի 1000-2000 մարդ, որ ինքնաբուխ եկել էին այդ հավաքին: Կարծում եմ, դա Փաշինյանի համար կատաստրոֆա է, որովհետև Փաշինյանի իշխանությունը հենց առաջին օրվանից հիմնված է եղել միայն այդ աջակցող մասսաների վրա»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Նա ընդգծեց. «Նիկոլ Փաշինյանը որևէ սրբություն չունի, որևէ ամոթ չունի՝ խաբելու, ասելու, որ իրեն նախկինները խանգարում են, բայց դա արդեն ընկալման հարց է, քանի որ այն ժամանակ ավելի հեշտ էր ընկալել, որ խանգարում են, բայց հետո բանական մարդը հասկանում է, որ ոչ մի խանգարող էլ չկա, պարզապես չեն կարողանում ոչինչ անել: Երեկվա հանրահավաքն էլ ցույց տվեց, որ դա այլևս չի աշխատում»:
Հարցին՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով ԳՇ հայտարարությունն արդյո՞ք կարելի է ռազմական հեղաշրջման փորձ համարել, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ներկայացնում, նա պատասխանեց.
«Ռազմական հեղաշրջումն անոնս չեն անում. Եթե դա ռազմական հեղաշրջման փորձ լիներ, կգնային, կձերբակալեին, կհայտարարեին, որ՝ այլևս իշխանությունը մերն է: Քանի որ հասարակությունը տեսել է Նիկոլ Փաշինյանի տարբեր հիմար հրամանները ուղիղ եթերում, օրինակ՝ ԱԱԾ-ին՝ սատանա փնտրելու մասին հրամանը, ես չեմ բացառում, որ նման հիմար հրամաններ եղել է ԳՇ-ին՝ տարբեր ժամանակներում, այդ թվում՝ նաև կապված «Իսկանդերի» վերաբերյալ հիմար հայտարարության հետ, որից հետո մարդիկ պարզապես հասկացել են, որ անհնարին է աշխատել ոչ ադեկվատ մարդու հետ, և հայտարարությունը հենց այդպիսին է, որ այլևս հնարավոր չէ, և պահանջում են հրաժարական, ինչպես դա պահանջում են շատ-շատերը: Ես այդտեղ ռազմական հեղաշրջման փորձ չեմ տեսնում: Նորից եմ ասում՝ ռազմական հեղաշրջումը սերիալ չէ, որ անոնս անեն»:
Կարեն Քոչարյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը միշտ խաբում է. «Նա հայտարարում է, որ վենդետա չի լինելու, հետո վենդետա է լինում, հայտարարում է, որ Արցախը Հայաստան է, հետո ասում՝ ինչի Շուշին հայկական քաղա՞ք էր, և այլն: Այնպես չէ, որ մենք նոր պետք է ճանաչենք՝ ով է Նիկոլ Փաշինյանը, այս 3 տարին լրիվ բավարար էր: Մինչ այդ նա տարիներ շարունակ կարողացել է շատ լավ քողի տակ պահել իր երկրորդ բնույթը»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում