Փաշինյանը չափազանց խոցելի ֆիգուր է. Դուբնով

«Հայաստանյան հասարակության մեծ մասը դեպրեսիայի մեջ է, ինչը նրանց թույլ չի տալիս կանգնել իշխանության կամ ընդդիմության կողքին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովը՝ անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական զարգացումներին:

Ըստ Դուբնովի՝ իրավիճակը մղվել է փակուղի, հասունացել է: Նրա որակմամբ, Փաշինյանը չափազանց խոցելի ֆիգուր է, բայց տպավորություն է, որ չկա մի գործիչ, ով կարող է նրան հեռացնել, կամ չկա լուրջ քաղաքական կամք, մյուս կողմից՝ այս պահին երկու կողմն էլ ունեն քիչ աջակիցներ, և այդ պայմաններում լուրջ քաղաքական առճակատում չի ակնկալում կողմերի աջակիցների միջև: «Հասարակության մեծ մասին այդ առճակատումը չի հետաքրքրում, այդ հիմնական հատվածին երկու կողմն էլ տհաճ է, ուստի լուրջ զանգվածային բախումների սպառնալիք չկա: Իմ տպավորությամբ՝ ընդդիմությունը հասել է իր բոլոր հնարավորությունների մաքսիմումին և, չեմ կարծում, որ զինվորականների դիրքորոշումն էապես կօգնի ընդդիմությանը, քանի որ զինվորականները կարող են հայտարարություններ անել, պահանջել հրաժարական, բայց նրանք իրենցով հակահեղափոխության, հեղափոխության շարժիչ ուժ չեն, քանի որ իրենք՝ զինվորականները, քաղաքական նպատակներ չունեն, իշխանություն դառնալու նպատակ չունեն»,- ասաց Դուբնովը:

Նրա խոսքով, փակուղուց ելքեր կան, սակայն դրանք ներկայումս ինքը չի կանխատեսում: Դուբնովի որակմամբ՝ ներկայիս իրավիճակում կարելի է նաև երկար ապրել, քանի որ որոշ մարդկանց համար իրավիճակը փակուղային չէ, այսպես շատ երկրներ են ապրում՝ մինչև կողմերից մեկը մի ճակատագրական սխալ չանի, և մինչև ինչ-որ բան հավասարակշռությունն էապես չփոխի:

«Դեռ չեմ տեսնում նման տարբերակներ: Հասարակության մեծամասնությունը դեպրեսիայի մեջ է, որը թույլ չի տալիս կողմերից մեկին որոշիչ կերպով աջակցել: Փակուղուց դուրս գալու մի քանի տարբերակներ կան՝ իշխանական կուսակցության ներսում՝ էրոզիա, որը հնարավոր է, բայց դեռ չի սկսվել, զանգվածային փողոցային պայքար, որը դեռ չկա, զինվորականների դավադրություն, որը ևս չկա: Արտաքին խաղացողները ևս իրենց որևէ կերպ չեն արտահայտում, չեն միջամտում: Ռուսաստանին չի վախեցնում որևէ զարգացում Հայաստանում»,- նշեց Դուբնովը:

Տեսանյութեր

Լրահոս