Քանի որ Թուրքիան մեծ քայլերով կարողանում է առաջ գնալ մեր իշխանության օգնությամբ, այդ պատճառով էլ անհանգստացած է ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձություններով. թուրքագետ

Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին արձագանքեցին տարբեր երկրների ղեկավարներն ու արտաքին գերատեսչությունները: Որքան էլ տարօրինակ էր՝ առավել մեծ ակտիվություն ցուցաբերեց Թուրքիան:

Նախ՝ Թուրքիայի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ նաև արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, իշխող «Արդարություն և զարգացում»  կուսակցության  մամուլի խոսնակ Օմեր Չելիքն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդոդանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը «դատապարտեցին» Հայաստանում տեղի ունեցած, իրենց ձևակերպմամբ, հեղաշրջման փորձը, ապա նաև՝ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը:

«Դատապարտում ենք Հայաստանում տեղի ունեցած հեղաշրջման փորձը: Հեղաշրջումները միշտ ընդհատել են ժողովրդավարական գործընթացները և քաոսի պատճառ դարձել»,- Twitter-ում գրել էր նա և հույս հայտնել, որ Հայաստանում իրավիճակն անմիջապես կկարգավորվի։

168.amթուրքագետ Տիրան Լոքմագյոզյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է Թուրքիան այսչափ ակտիվացել և ինչո՞ւ է այսքան անհանգստացած մեր երկրում կատարվող գործընթացներով, ի պատասխան՝ թուրքագետը նշեց.

«Թուրքիան այն երկիրն է, որն իր նպատակներն ունի, իր քաղաքականությունն ունի և նպատակասլաց գնում է այդ ճանապարհով. ինչ որ կատարվում է Թուրքիայի կողմից, պետք է այդ ծիրի մեջ դիտել»:

Թուրքագետի համոզմամբ` 2020 թվականին տարածաշրջանում Թուրքիայի ակտիվացումը չի ավարտվել. «Թուրքիան չի բավարարվելու Ղարաբաղով: Թուրքիայի հիմնական նպատակներից մեկը Հայաստանի վրայով ճանապարհներ ունենալն է դեպի Ադրբեջան և դեպի Մեծ Թուրան, ու եթե կարողանա, նաև այս ընթացքում ամբողջ Հայաստանը դատարկի հայերից և ամբողջ Հայաստանը վերցնի: Իհարկե, մի փոքր մաս կթողնեն. ինչպես Թանսու Չիլլերը՝ նախկին վարչապետն էր ասել՝ Հայաստանից թողնելու են մի փոքր մաս, այն էլ՝ որպես գերեզման հայերի համար:

Հիմա, քանի որ առիթն է, և Թուրքիան մեծ քայլերով կարողանում է առաջ գնալ մեր իշխանության օգնությամբ, այդ պատճառով էլ անհանգստացած է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով»:

Տեսանյութեր

Լրահոս