Եվրոպացիները բացահայտում են Նիկոլ Փաշինյանին

«Ծայրաստիճան մտահոգված ենք Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումների կապակցությամբ»,- Հայաստանի ներքաղաքական զարգացումների վերաբերյալ նման կարծիք են հայտնել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Բորիանա Աբերգը (Շվեդիա) և Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա):

«Մասնավորապես, անընդունելի ենք համարում Զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից երեկ տարածված հայտարարությունը, որով պահանջում են ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության հրաժարականը»,- ասված է տարածված հաղորդագրությունում:

Համազեկուցողները  բոլոր քաղաքական ուժերին և պետական դերակատարներին կոչ են անում հարգել Հայաստանի ժողովրդավարական սկզբունքներն ու Սահմանադրությունը և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը լարվածությունն անհապաղ թուլացնելու ուղղությամբ: Աբերգն ու Կիլյունենն արձանագրել են նաև, որ Հայաստանն իր նորագույն պատմության  ամենաբարդ փուլերից մեկն է ապրում և, ինչպես երբևէ, ունի հանգստության, զսպվածության, իմաստնության և ժողովրդավարական սկզբունքներին անբեկանելի աջակցության կարիք բոլոր շահագրգիռ կողմերի կողմից՝ լուծելու քաղաքական ճգնաժամը, որին բախվում է երկիրը:

Շատ ողջունելի է ԵԽԽՎ համազեկուցողների մտահոգությունը Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Իսկապես իրավիճակը մտահոգիչ է ու պայթյունավտանգ։ Բայց այդ իրավիճակն ունի իր առաջացման պատճառները, որոնք ընդհանուր առմամբ հանգում են ԵԽԽՎ-ի համազեկուցողների կողմից մատնանշված «ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության» գործողություններին։ ԵԽԽՎ համազեկուցողները, սակայն, իրենց սովորության, իսկ որ ավելի հավանական է՝ քաղաքական նպատակահարմարության համաձայն, նկատում են իրավիճակի միայն մեկ կողմը և հղում են անում ժողովրդավարությանը։

Դա ևս շատ ողջունելի է, քանի որ Հայաստանում ժողովրդավարությունը չի կարող այլընտրանք ունենալ։ Սակայն, մեղմ ասած, տարակուսելի է, որ ԵԽԽՎ բարձրաստիճան պաշտոնյաները կրկին սովորության, իսկ որ ավելի հավանական է՝ քաղաքական նպատակահարմարության համաձայն, առաջնորդվում են երկակի չափանիշերով։ Նրանք երկուսուկես տարի շարունակ, նաև այսօր ձկան պես լուռ էին ու են, երբ իրենց իսկ վկայակոչած «ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունը»՝ նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավարությամբ, հանուն նեղ անձնական ու քաղաքական շահերի՝ ոտնահարում էր ժողովրդավարությունը բոլոր հնարավոր միջոցներով՝ սկսած դատարաննների շրջափակումից՝ մինչև Սահմանադրական դատարանի իշխանության ուզուրպացիա, ազատ խոսքի ոտնահարում։

Բոլոր այդ պարագաներին ու նաև այսօր, երբ իշխանությունը բացահայտորեն ոտնահարում է ժողովրդավարության նորմերն ու սկզբունքները, արժեքները, ԵԽԽՎ-ն ու մյուս եվրոպացիները լուռ են, և ըստ ամենայնի այն պատճառով, որ ժողովրդավարության ոտնահարումները՝ Նիկոլ Փաշինյանի կողմից, ծառայում էին ու ծառայում են այն իշխանության ամրապնդմանը, որը ծառայում էր ու այսօր էլ ծառայում է շատ որոշակի աշխարհաքաղաքական նպատակների։

Իրականում Զինված ուժերի հրամկազմի ու գլխավոր շտաբի ղեկավարարության հայտարարությունն ուղղված է ոչ թե ժողովրդավարությանը, ինչպես քնքշորեն նշում են ԵԽԽՎ համազեկուցողները, այլ ընդդեմ այն իշխանության, որը նաև եվրոպացիների համար ծառայում է շատ կոնկրետ աշխարհաքաղաքական նպատակների իրականացմանը։

Հայաստանում ժողովրդավարությունը, կրկնում ենք, այլընտրանք չունի։ Բայց նույն եվրոպացիները նման երկակի ու երկդիմի մեթոդներով նպաստում են, որպեսզի հայ հասարակության շրջանում տարակուսանք առաջանա իրենց ու իրենց միջոցով՝ նաև ժողովրդավարության նկատմամբ։

Արշավիր Իշխանյան

Տեսանյութեր

Լրահոս