Ամենագլխավոր մեղավորը ձեր վարչապետն է՝ Փաշինյան Նիկոլը, սա է ձեր գլխավոր խնդիրը․ Անատոլի Ցիգանոկ. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանության դագաղի վերջին մեխը խփեց իր իսկ հարցազրույցը, որի ժամանակ հարց էր հնչեցրել, թե «ինչու կրակած «Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»: Դրան հաջորդեց Հայաստանի Ազգային հերոս, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի մեկնաբանությունը մամուլին, որտեղ նա, պարզապես, քահ-քահ ծիծաղել էր փաշինյանական հայտարարությունների վրա, ինչի պատճառով էլ ազատվեց աշխատանքից:
Իսկ արդեն երեկ լցվեց նաև բանակի «համբերության բաժակը», և եղավ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավարության՝ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի և բոլոր կորպուսների հրամանատարների համատեղ հայտարարությունը, որով նրանք պահանջեցին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ՌԴ Քաղաքական և ռազմական վերլուծությունների ինստիտուտի Ռազմական կանխատեսումների կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Անատոլի Ցիգանոկի հետ:
«Փաշինյանը, պարզապես, փորձում է պատճառներ հորինել»
-Պարո՛ն Ցիգանոկ, ըստ էության, Փաշինյանն ակնարկում էր, որ ռուսական «Իսկանդերը», չի աշխատում, որքանո՞վ եք այն իրատեսական համարում:
– Առաջին հերթին կարծում եմ՝ խնդիրն այն է եղել, որ ՀՀ պաշտպանության նախարարը չի ցանկացել սովորեցնել հայ զինծառայողներին այն ծրագրով, որով սովորում են ռուս զինծառայողները: Այն, որ հայ զինծառայողները սովորում են ընդամենը երեք ամիս՝ մեկ տարի սովորելու փոխարեն, դրա պատճառով էլ ամեն ինչ այդպես ստացվեց: Ամբողջ խնդիրն այն է, որ «Իսկանդերները», որոնք կանգնած են սահմանին, պարտադիր կարգով պետք է սովորել, թե ինչպես պետք է այն կիրառել:
Նույնպիսի իրավիճակ էր, երբ ուկրաինացիները կիրառում էին «Տոչկա Մ»: Նրանք էլ էին, համենայնդեպս, նեղվել, թե «Տոչկա Մ»-ը չի պայթում:
Ինչո՞ւ, որովհետև նախ պատճառը զինտեխնիկայի անպատրաստությունն էր, մինչդեռ այդ զինտեխնիկան պետք էր պահել հատուկ պայմաններում: Երկրորդ՝ տեխնիկային պետք է մոտենալ հատուկ ինստրուկցիայով, ինչը ոչ մի անգամ չի կատարվել: Տեխնիկան, որն այժմ կա, պահպանվում է շատ թափթփված վիճակում: Եվ այժմ ձեր վարչապետը զբաղված է նրանով, որ փորձում է պատճառներ հորինել, քանի որ անձամբ է մեղավոր, որ զինտեխնիկան մարտունակ վիճակում չի եղել, բայց ասում է՝ իբրև թե զինտեխնիկան աշխատունակ չէր: Էլի եմ ասում՝ գլխավոր խնդիրը ուսուցումն է, տեխնիկայի պահպանությունը և, բացի այդ, ռուսական տեխնիկան պետք է ուսումնասիրել ռուսաց լեզվով:
– Իսկ կարո՞ղ էր «Իսկանդերը» պայթել 10 տոկոսով, ինչը չի բացառում Նիկոլ Փաշինյանը:
– Քահ-քահ-քահ… (ծիծաղում է, – հեղինակ): Ես շատ ուշադիր հետևել եմ, թե երբ են կրակել Շուշիի ուղղությամբ, և երբ եղավ պայթյունը: Այդպես երբեք չի լինում: Ընդգծում եմ՝ այդպես պար-զա-պես չի լի-նում: Եթե այն պայթում է, նշանակում է պայթում է: Այն կա՛մ տեղ է հասել, կա՛մ տեղ չի հասել ու ընկել է ճանապարհին:
Կամ էլ կա այլ տարբերակ՝ տեխնիկան պատրաստված չէր, որովհետև հայ զինծառայողները սովորել էին կրճատված ծրագրով՝ մի տարվա փոխարեն, իսկ հրետանավոր սպան հավանաբար շտապելուց ինչ-որ մի բան չի միացրել և բաց է թողել հրահանգներից ինչ-որ մեկը: Իսկ բաց թողնված հրահանգը բերում է նրան, որ ուղղակի զինամթերքը չի պայթում:
Այնպես որ, վատ զինամթերքի պատճառը վատ զինծառայողներն են: Եվ եթե ձեր վարչապետը ուղղակի պատճառ է փնտրում, կարելի է բազմաթիվ պատճառներ գտնել: Բայց նախևառաջ թող ինքը պատասխանի՝ եթե ցանկանում էր ճանաչել Լեռնային Ղարաբաղը, ինչո՞ւ չէր մտցնում այնտեղ հայաստանյան զորքերը, բայց նրանք վախեցան, ցանկանում էին ինքնուրույն ինչ-որ բան անել և դրա պատճառով էլ ունեցան այն, ինչ ունեցան։
-Որոշ շրջանակներ տեսակետ են հայտնում, թե արդյունքում ռուսական զենքը պարտվեց ՆԱՏՕ-ական զինատեսակներին: Ի՞նչ կասեք այս մասին:
– Յա, իրո՞ք: Ինչպե՞ս է այդպես ստացվում: Այսինքն՝ նշանակում է Սիրիայում ռուսական զենքը լավն էր, իսկ Հայաստանում՝ վա՞տը: Կարծում եմ՝ նման խոսակցությունների փոխարեն պետք է զբաղվել զինծառայողների պատրաստվածությամբ և մարզել նրանց, ովքեր պետք է գործածեն զենք-զինամթերքը:
Դրանք ընդամենը պատճառներ են, մարդիկ ուզում են ընդամենը գտնել արդարացումներ, թե ինչու են պարտվել: Եվ դրա համար սկսում են շրջանառել, թե տեխնիկան էր վատը, «Իսկանդերներն» ընդհանրապես ահավոր վատն էին: Ամենագլխավոր մեղավորը ձեր վարչապետն է՝ Փաշինյան Նիկոլը: Սա է ձեր գլխավոր խնդիրը: Հայաստանը պարտվել է հենց նրա համար, որովհետև վարչապետը դադարել էր ուշադրություն դարձնել զինծառայողների կրթությանն ու պատրաստվածությանը»: