Որ ասեմ՝ ինձ համար զարմանալի էր այս ամենը, ճիշտ չեմ ասի․ խոսելու ժամանակը դեռ կգա․ Արթուր Մեսչյան. «Իրավունք»
«Երկրում առկա իրողությունների, պատերազմի արդյունքների և ՀՀ-ի ապագայի հետ կապված «Իրավունքը» զրուցել է հայտնի երգահան, այս իշխանությունների օրոք ոչ քիչ ժամանակ Երևան քաղաքի ճարտարապետի պաշտոնը զբաղեցրած Արթուր Մեսչյանի հետ: Թեև պարոն Մեսչյանը սկզբում հրաժարվեց որևէ հարցի պատասխանել, սակայն մեր համառությունը որոշ լափով տվեց իր արդյունքը:
-Պարո՛ն Մեսչյան, ինչպե՞ս եք գնահատում երկրում տեղի ունեցող դառը իրողությունները:
– Աղջիկս, այսքան ժամանակ, հատկապես պատերազմից հետո մի բառ կամ մի տող ինձանից լսե՞լ եք:
– Չենք լսել, պարո՛ն Մեսչյան:
– Ինձ ճանաչողները կհասկանան, թե ինչու եմ ես հիմա լռում:
– Ինչո՞ւ եք լռում, պարո՛ն Մեսչյան:
– Աղջիկս, խոսելու ժամանակը դեռ կգա, հիմա դեռ շատ շուտ է:
– Ինչո՞ւ է, ախր, շուտ: Սրանից ավել էլ ի՞նչ պետք է լինի:
– Ինչ-որ ես պետք է ասեմ, աղջիկս, էս քսան տարի է, ես դա ասում եմ: Որ ասեմ՝ ինձ համար զարմանալի էր այս ամենը, ճիշտ չեմ ասի:
-Էդ դեպքում ինչո՞ւ Ձեր մաքուր կենսագրության վրա, մեղմ ասած, բիծ գցեցիք՝ այս իշխանությունների հետ աշխատելով:
– Ես քաղաքականությունով չեմ զբաղվել, չէ: Ընդամենը մասնագիտական աշխատանք եմ արել: Բայց չկարողացանք լիքը բան անել, որովհետև ապուշության մեջ ընկանք, ինչ ասեմ: Խնդրում եմ էլի, այսքանով բավարարվեք»: