IDEX-2019-ին քննարկման թեման  ՀՀ ՊՆ պատվո պահակախմբի ելույթն էր, IDEX-2021-ին՝  204 հազար դոլարանոց տաղավարը և բուկլետները

Շատ խոսվեց Աբու Դաբիում ընթացող IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսին Հայաստանի՝ ռազմական տեխնիկայի ցուցանմուշների փոխարեն՝ բուկլետներով ներկայանալու մասին, քանի որ, ըստ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (ԲՏԱՆ), լոգիստիկ խնդիրներ են առաջացել: Թե կոնկրետ ի՞նչ խնդիր, և որտե՞ղ են ցուցանմուշները, քանի որ դրանց տեղափոխությունը կազմակերպվել էր նախապես, գերատեսչությունից մեր հարցերին երեկ որևէ պատասխան չտվեցին՝ ավելացնելու բան չունեն:

Ի դեպ, էլեկտրոնային գնումների համակարգում հասանելի պայմանագրից պարզ է դառնում, որ շուրջ 200 քառ. մետր մակերես զբաղեցնող տաղավարը հինգ օրով վարձակալելն արժեցել է 107,200,000 դրամ, ինչը  525 դրամ մեկ դոլարի դիմաց փոխարժեքի դեպքում կազմում է մոտ 204 հազար դոլար։ Իսկ ավելացված արժեքի հարկը ներառյալ՝ ընդհանուր արժեքը  214,268 դոլար է: Պայմանագիրը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կնքել է Capital Events LLC ընկերության հետ:

Բայց այս ամենը վաղուց, բնավ,  չի զարմացնում, եթե հաշվի առնենք, որ ԲՏԱՆ-ի ենթակայությանը հանձնված Ռազմարդյունաբերական կոմիտեն, ավելի քան 3 ամիս է, ղեկավար չունի.  2020 թվականի նոյեմբերի 11-ին Արտակ Դավթյանն ազատվել էր այս պաշտոնից: Ի դեպ, մինչև Արտակ Դավթյանի նշանակումն Ավետիք Քերոբյանի պաշտոնազրկումից հետո Ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել մոտ 6 ամիս, իսկ Դավթյանն ընդամենը 4 ամիս պաշտոնավարեց:

Մեր տեղեկություններով՝ ԲՏԱ նախարարությունը հեռու  չի եղել, այսպես ասած, անօրինական նշանակումներից: Օրինակ, Արտյոմ Ղևոնդյանը Ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակվել անցած տարվա մայիսին, երբ կոմիտեի նախագահի պաշտոնը թափուր էր:

Մինչդեռ Ռազմարդյունաբերական կոմիտեի կանոնադրության մեջ նշվում է, որ «կոմիտեի նախագահն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը` կոմիտեի նախագահի ներկայացմամբ»: Այս դեպքում՝ ում առաջարկությամբ է  նշանակումը  եղել:

Մյուս կողմից, անգամ կոմիտեի նախագահի առկայության դեպքում լրատվամիջոցները  չեն  ստացել  իրենց  հուզող հարցերի պատասխանները:

Օրինակ, երբ Ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահն Ավետիք Քերոբյանն էր, 168.am-ը մի քանի անգամ հարցումներ է ուղարկել, արդյունքում՝ ստացել ենք մեր հարցերին չպատասխանող պատասխաններ, իսկ դրանք, մեծ հաշվով, ռազմական գաղտնիք չեն պարունակել:

ԲՏԱ նախարարը մշտապես հայտարարել է հայկական ռազմական նշանակության արտադրանքի արտաքին շուկա դուրս գալու մասին, ըստ այդմ՝ անցած տարի հետաքրքրվել էինք՝  ի՞նչ տեսակի ապրանքի մասին է խոսքը, որը պիտի նաև արտաքին շուկա դուրս բերվի, և այլն:

Հարցերին կոնկրետ պատասխաններ տալու  փոխարեն՝  «copy paste» արված գրություն էին ուղարկել, ինչը կարելի էր վերցնել հենց նախարարության պաշտոնական կայքից:

Գուցե Ավետիք Քերոբյանը պատասխանել էր իրեն հասցեագրված մեր հարցերին, սակայն Հակոբ Արշակյանն իր սրբագրումներն է արել:

Աշխատաոճի առումով ոչինչ չի փոխվել:  Մենք տեղեկություններով՝ Ռազմարդյունաբերական կոմիտեի աշխատակազմը բավական կրճատվել է, երեկվանից ԲՏԱ նախարարությունից ժամանակ չեն գտնում մեր այս հարցին պատասխանելու՝ այո կամ ոչ:

Վերադառնալով  IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսին, նշենք, որ ԲՏԱ նախարարության կազմակերպած ուղիղ միացման ժամանակ ականների և ականորսիչների արտադրության մեջ մասնագիտացված «Էլեկտրոն»  ընկերության ներկայացուցիչ Սերգեյ Ջաղինյանն Աբու Դաբիից վստահեցրել է.

«Այս ցուցադրությունը մեզ համար շատ պտղատու էր, որովհետև կապեր ենք հաստատել այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են՝ Ֆրանսիան, Գերմանիան, Ռուսաստանը, Ղազախստանը, որոնց հետ արդեն մոտավորապես պայմանագիր ենք կնքել, ինչն ավելի կկոնկրետացվի երևանյան հանդիպումներում»:

ԱԹՍ-ներ արտադրող «Դավարո» ընկերության ներկայացուցիչն էլ հավելել է, որ բավականին հետաքրքրվողներ են եղել ՀՀ-ում արտադրվող անօդաչու սարքերով:

Թե որքանով այս վստահեցումները գործարքի կվերածվեն, և, առհասարակ, ինչ պայմանագրերով Հայաստանի պատվիրակությունը կվերադառնա  IDEX-2021-ից, ցույց կտա ժամանակը: Մինչ այդ հիշեցնենք, որ IDEX-2019-ին, երբ Ռազմարդյունաբերական կոմիտեն դեռ ՊՆ ենթակայության ներքո էր, Հայաստանը բավականին պատշաճ էր ներկայացել, մասնավորապես, առաջին անգամ ցուցադրվել էր հայկական արտադրության MJ-25 ռադիոլոկացիոն կայանը: Այն նկատում է աննկատ թիրախները՝ անօդաչու թռչող սարքերը, ստելս տեխնոլոգիաներով հագեցած միջոցները: 

IDEX-2019-ին  միջազգային բարձր գնահատականի էր  արժանացել  նաև Հայաստանի զինվորական նվագախմբի ելույթը:

Զինվորական նվագախմբի համաշխարհային գերտերություն. այսպես էր միջազգային հեղինակավոր «The National»-ը գնահատել  Հայաստանի պաշտպանության նախարարության պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի ելույթը Աբու Դաբիում անցկացված IDEX-2019 ցուցահանդեսում:

ՀՀ պաշտպանության նախարարության պատվո պահակախմբի դիտարժան ելույթը չէր  վրիպել նաև «The Guardian»-ի աչքից:

 

Տեսանյութեր

Լրահոս