«Ոստիկանության այսպիսի դաժանություն երբեք չի եղել, էդ ո՞ւմ եք պաշտպանում». Վազգեն Մանուկյան

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության երթը շարժվեց դեպի ոստիկանության կենտրոնական շենք, որտեղ պահանջեցին, որպեսզի ոստիկանապետն իջնի և բացատրի, թե ինչով են պայմանավորված ոստիկանների գործողություններն ակցիայի մասնակիցների նկատմամբ։

Ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը դիմելով ոստիկաններին՝ ասաց, որ ոստիկաններ շատ են տեսել, Խորհրդային Միության ժամանակ են պայքարել, տարբեր նախագահների ժամանակ են պայքարել, բայց այն դաժանությունը, որն այսօր տեսել է՝ երբեք չի եղել։

«Էդ ո՞ւմ եք դուք պաշտպանում, պատասխան եք տալու մինչև վերջ։ Մեր պետությունը որ կառուցվեց, բանակի սաղմերը եղան, ամեն ինչ սկսվեց ոստիկանությունից, մեր ոստիկաններն էին Լաչինը պաշտպանում, նրանցից սկսվեց ջոկատների միավորումը։ Ես այսպիսի դաժան ոստիկանություն, որը հիմա է, երբեք չեմ տեսել։ Ձեր աչքի առաջ մեկ մարդ կոտորեց հազարավոր մարդու, հանձնեց Արցախը, մեր սահմանները, ասքանից հետո դուք նրան հանցագործ չեք համարում։ Թե՞ հանցագործ եք համարում, բայց աշխատավարձի համար աշխատում եք հանցագործի համար, այդ դեպքում դուք ոստիկան չեք, դուրս եկեք ոստիկանությունից»,- նշեց Վազգեն Մանուկյանը։

Նա դիմելով ժողովրդին՝ հորդորեց լուսանկարել բռնություն գործադրող բոլոր ոստիկաններին և նրանց լուսանկարները թերթերում ու մամուլում ցույց տալ։

«Մենք այստեղ սպասում ենք ոստիկնապետին, թող իջնի ներքև և այստեղ ժողովրդին բացատրի իր արածները: Մենք մի թշնամի ունենք սահմանի վրա, պարզվեց՝ մի թշնամի էլ ունենք երկրի ներսում»,- շեշտեց Վազգեն Մանուկյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս