Պահանջում եմ ոստիկանապետից՝ իջնի և բացատրություն տա այսօրվա ձեր կատարած ապօրինությունների համար. Իշխան Սաղաթելյան

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ քաղաքացիները քայլերթով հասել են Ոստիկանության շենք։ Ոստիկանությունը միջանցք բացեց, որպեսզի ակցիայի մասնակիցները հնարավորություն ունենան ծաղիկներ խոնարհել Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր, Ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի կիսանդրու առջև:

ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը դիմեց քայլերթի մասնակիցներին՝ նշելով, որ ոստիկանությունը դարձել է իշխանությունների գործիքը՝ քաղաքացիների վրա բռնություն գործադրելու համար, ապա դիմեց ոստիկաններին.

«Ոստիկանությա՛ն սպաներ, այսօր դուք անցել եք բոլոր կարմիր գծերը՝ անհամաչափ և ակնհայտ դիտավորությամբ բռնի ուժ կիրառելով քաղաքացիների նկատմամբ, որպեսզի պաշտպանեք այս խելագար իշխանությունը: Բոլորդ հատ-հատ պետք է պատասխան տաք ձեր արած յուրաքանչյուր քայլի համար, որևէ մեկիդ մտքով չանցնի, որ կարող է մարսել այդ ապօրինությունները:

Ոստիկանապետ Վահե Ղազարյան, տեղակալներ՝ Արամ Հովհաննիսյան, Վարդան Մովսիսյան, Արթուր Մարտիրոսյան, Արա Ֆիդանյան, Ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայան, Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ Դավիթ Սարգսյան, բոլորդ հատ-հատ պատասխանատվություն եք կրելու այդ խելագարի կատարած հրահանգների համար:

Ձեզանից պահանջում ենք՝ մաս մի կազմեք. հիշե՛ք ձեր այն ընկերներին, ում պատերազմի օրերին տարան-թողեցին անտեր, անհաց՝ սարերի վրա: Հիշե՛ք ձեր Շուշիի գործընկերներին, հիշե՛ք, որ մենք այս ամեն ինչը անում ենք նաև հանուն ձեր երեխաների, մեր երեխաների:

Դուք շատ լավ գիտեք, որ այդ ապօրինի հրահանգները կատարելով՝ մեր երկիրն ավելի եք տանում խորտակման:
Ես հենց հիմա պահանջում եմ ոստիկանապետից՝ ներկայանա, իջնի և բացատրություն տա այսօրվա ձեր կատարած ապօրինությունների համար»:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ քաղաքացիները քայլերթ են մեկնարկել էր Արամ Մանուկյանի արձանի մոտից։

Ավելի վաղ «Հայրենիքի փրկության շարժման» կոչով քաղաքացիները հավաքվել էին նաև ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքի առջև՝ խոչընդոտելու վարչապետ Փաշինյանի մուտքը այնտեղ:

Նիկոլ Փաշինյանը կառավարական 3-րդ մասնաշենք մտել և դուրս էր եկել ոստիկանական և անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ և տարբեր քաղաքացիների՝ «դավաճան» վանկարկումների ներքո։

Ակցիայի ընթացքում, «Հայրենիքի փրկության շարժման» ՀՅԴ-ական անդամ Գեղամ Մանուկյանի տեղեկությամբ, ոստիկանության աշխատակիցները բերման էին ենթարկել 100-ից ավելի քաղաքացիների։ Բերման ենթարկելու փորձի ժամանակ վնասվածքներ էր ստացել նաև Իշխան Սաղաթելյանը:

Տեսանյութեր

Լրահոս