Նախկինում «ոստիկանապետության» դեմ պայքարող քաղհասարակությունն այսօր լուռ է. Ավետիք Իշխանյան
«Պետության վերականգնման համար պետք է այսօր լինել ընդդիմադիր»,- սա իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի համոզումն է: Նա այսօր բազմաթիվ քաղաքացիների հետ Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ էր:
Լրագրողների հետ զրույցում իրավապաշտպանը նշեց, որ խոսքն այժմ ոչ թե իշխանություն, ընդդիմություն, այլ պետություն ունենալ թե չունենալու մասին է: Անդրադառնալով ոստիկանական գործողություններին, իշխանությունների վարքագծին՝ նա նշեց.
«Այս անձի մտածողությունը, որ եկել է իշխանության, վարչապետ կոչեցյալի մտածողությունը տոտալիտար մտածողություն է: Տոտալիտար իշխանություններ աշխարհում շատ են եղել, բայց նրանք եղել են գաղափարական՝ առանց արդարացնելու. եղել են ազգայնական, կրոնական, ձախակողմյան. այս անձի տոտալիտար մտածողությունը որևէ այդպիսի գաղափարախոսություն չունի՝ ազգայնական, հայրենիքի նվիրյալ և այլն: Նա միայն մտածում է իր իշխանության, իր բարեկեցության մասին, և այդ իմաստով ստեղծել է ոստիկանական պետություն: Այսինքն՝ պետություն չասեմ, ոստիկանական իշխանություն, որովհետև պետություն գոյություն չունի: Այսօր հայոց պետություն գոյություն չունի. ՄԱԿ-ի անդամ է թղթի վրա գրված, բայց իրականում պետականությունը կորսված է, և նա իր ողորմելի իշխանությունը պահում է այս ոստիկանական ուժերով՝ համալրելով ոստիկանական շարքերը, հլու-հնազանդ իրեն ծառայող իրավապահ մարմինները:
Ինձ համար շատ զարմանալի է, որ նախկինում Հայաստանի քաղաքացիական հասարակություն կոչված ուժերը միշտ քննադատում էին Հայաստանի իշխանություններին՝ ոստիկանական պետություն ստեղծելու համար՝ իբր ոստիկանական ուժերը շատ են:
Այսօր ոստիկանական ուժերի համալրումը, նրանց ֆինանսավորումն ուղղակի վեր են ցանկացած երևակայությունից՝ մանավանդ Հայաստանի աղքատության, տնտեսական ճգնաժամի պայմաններում, և ոչ թե այդ անձինք նույնիսկ լռում են, այլ ծափահարում են, այսպես կոչված, ոստիկանական բարեփոխումները»:
Մանրամասները՝ տեսանյութում