«Մարդիկ արտագաղթում են զանգվածաբար: Այսօր մենք չգիտենք՝ Հայաստանի տարածքը որքա՞ն է». Միքայել Մելքումյան
«Այս իշխանությունը կազմակերպեց ցավալի հայրենազրկումը, և այդ գործընթացը շարունակում է»,- Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով մեկնարկած քայլերթում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը և հավելեց,- Մենք ունենք խայտառակ տնտեսական, սոցիալական ճգնաժամ, այսօր մենք չգիտենք, թե Հայաստանի տարածքը որքա՞ն է. 29 800 քկմ-ից այսօր ինչքա՞նն ենք արդեն տվել այդ GPS կոչվածով:
Այսինքն՝ նա ուժ չունի, նա սպառված է, և այդ սպառված իշխանության քաղաքական կշիռը զրոյից էլ ցածր է, ուստի մենք պետք է ամեն օր, այդ կորուստները որ կրում ենք, վերջին դիպուկ հարվածը հասցնենք»:
Նա շեշտեց, որ որևէ ռեպրեսիա, կալանավորում, ձերբակալություն չի կարող երերացնել Հայրենիքի փրկության շաժմանը:
Միքայել Մելքումյանի համոզմամբ՝ շարժումը պետք է շարունակի ցանցային բնույթը. «Մարզերում, գյուղերում, բոլոր քաղաքներում, բնակավայրերում ժողովուրդը պետք է մեջքն ուղղի, որովհետև դուք տեսնում եք՝ ինչ է կատարվում օդանավակայանում. մարդիկ արտագաղթում են զանգվածաբար»:
Պատգամավորը դիմեց ժողովրդին՝ հորդորելով չլքել Հայաստանը.
«Ձեզ հետ միասին մենք պետք է վերջին հարվածը հասցնենք, և մենք անպայման ունենալու ենք լավ ապագա, որևէ մեկը մեր ազգային արժանապատվությունը չի կարող կոտրել»: