«Տիգրան Ավինյանը, որ այդպես խոսում է, և կանեփը սարքել են փրկություն, հաշվարկներ արե՞լ են». Հարություն Մնացականյան

Ֆերմեր, գործարար Հարություն Մնացականյանի կարծիքով՝ պետությունը պետք է միջամտի, որ ինտենսիվ գյուղատնտեսությամբ զբաղվողները չձախողեն, քանի որ ըստ նրա՝ գյուղատնտեսությունից հազարավոր կիլոմետրերով հեռու մարդիկ որոշում են ինտենսիվ այգի հիմնել  և արդյունքում ձախողվում են:

«Այսօր մեր եղած այգիները ռուսական և եվրոպական պահանջներին չհամապատասխանող գյուղմթերք են արտադրում: Մենք չենք կարողանում մտնել ռուսական ցանցեր, չենք կարողանում մտնել այլ երկրների շուկաներ, որովհետև որակը չի համապատասխանում, որովհետև բերքատվությունն է ցածր: Ենթադրենք՝ խնձորի այգու համար հստակ չափորոշիչներ կան՝ պետք է 70 տոննա բերք ստանաս, այդ 70 տոննա բերքը ստանալու համար պետք է այս, այս, այս նյութերով հողը սնես, ոռոգումն այսպես կազմակերպես, հակակարկտային ցանցն այսպես պետք է լինի, ամառվա եղանակին ինչ խտության պետք է ծածկես, որ արեգակի ճառագայթները չլինեն: Բարձրագույն գոտիներում, օրինակ, կանաչ խնձորը լավ չի լինում, արևի ուլտրամանուշակագույն բարձր ճառագայթներից կարմրում է, իսկ որոշակի գունափոխված կանաչ խնձորը համարվում է խոտան: Ցածրադիր գոտում էլ կարմիր խնձորը որակով չի լինում: Եվ եթե պետությունը չի միջամտում, չի ուղղորդում, գործիքակազմ չկիրառի, չուսումնասիրի, վաղը-մյուս օրն այդ այգին հիմնած անհատների, կազմակերպությունների մեծ մասը ձախողելու է»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Կառավարության վերջին նիստերից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե էական շարժ է գրանցվել ինտենսիվ գյուղատնտեսության առումով.

«2019 թվականին 2018թ. համեմատ՝ ինտենսիվ այգիների տարածքները 2.5 անգամ էին աճել, իսկ 2020թ. 2019թ. համեմատ՝ 10 անգամ ինտենսիվ այգիները ՀՀ-ում աճել են՝ 53 հեկտարից դառնալով 518 հեկտար»: Փաշինյանը նաև նշել է, որ թարմ մրգի և բանջարեղենի արտահանման աճ էլ է եղել՝ նախորդ տարվա համեմատ. «Վիճակագրորեն գրվում է՝ 102 տոկոս, դա նշանակում է, որ 2 տոկոսի աճ ենք ունեցել, բայց շատ կարևոր առանձնահատկություն՝ գնային առումով աճը կազմել է 37 տոկոս, և սա էլ կապ ունի ինտենսիվ այգեգործության հետ: Գնային ավելի բարձր սեգմենտի արտադրանք է արտահանվում, իսկ դա ինտենսիվ այգիներում է արտադրվում, և սա շատ կարևոր առանձնահատկություն է: Այս վիճակագրությունը ցույց է տալիս, որ այդ ոլորտում ներդրումներ կատարած մարդիկ ռեալ և իրական շանս ունեն, հետ են ստանում իրենց ներդրումները, այսինքն՝ այդ ներդրումներն արդարանում են»:

Հարություն Մնացականյանը նկատեց. «Սկզբից ասվում է՝ 2019-2020թթ. այսքան ինտենսիվ այգի, դա ենթադրում է բազմամյա մշակաբույսեր, որը երրորդ-չորրորդ տարին է բերք տալիս, դա նշանակում է, որ այդ այգիները ստեղծվել են ավելի վաղ: Նոր ստեղծվող այգու արդյունքը երևալու է 3-4 տարի հետ: Այս թվային խաղն այդքան էլ ճիշտ չէ: Ջերմատնային տնտեսությունն այլ բան է՝ այն հիմնում են, և հենց հաջորդ տարի հնարավոր է լոլիկ ստանալ, և այլն, բայց պտղաբուծության մեջ նշանակում է, որ 2015-16թթ. էլ է ինտենսիվ այգիների քանակն աճել, և ստացված բերքն արտահանվել է դուրս»:

Անդրադառնալով արդյունաբերական կանեփ աճեցնելու վերաբերյալ իշխանությունների հայտարարություններին՝ գործարարը նշեց, որ կանեփի աճեցումը՝ ներկա պայմաններում, ներկա իշխանական և ոստիկանական համակարգերի պայմաններում բերելու է լրջագույն խնդիրների. «Մենք լուրջ խնդիրներ ենք ունենալու մի երկու տարի հետո: Բացառապես պետք է փակել այս թեման, մինչև մենք չունենանք նորմալ ոստիկանական համակարգ, նորմալ լաբորատորիաներ: Իրենք ի՞նչ են ասում, ասում են՝ ովքեր շահագրգռված են, որ կանեփը բերեն, գյուղացին աճեցնի՝ տա իրենց, իրենք լաբորատորիան կբերեն. շահագրգիռ անձը, որ այդ լաբորատորիան բերի, այդ կանեփի մեջ THC-ն՝ թմրանյութը, որ լինի 0.3 տոկոսից բարձր, ասելո՞ւ է: Տիգրան Ավինյանը, որ այդպես խոսում է, և կանեփը սարքել են փրկություն, ուսումնասիրություններ կա՞ն:

2018թ. 4 գոտի Հայաստանում ցանել են, աճեցրել են, հաշվե՞լ են, որ ոստիկանությունը չհասկանալով՝ վերահսկել է այդ աճեցված կանեփը, հետո հասկացել են՝ ինչ են անում, առգրավել են: Բա այս համակարգով ուզում են կանեփ աճեցնե՞լ: Իրենք հաշվարկներ արե՞լ են, ինքնարժեքը հաշվե՞լ են: Ես Հայաստանում ինչքան թմրամոլ գիտեմ՝ իրենք են ուրախացել այդ արդյունաբերական կանեփի աճեցումով, որ իրենց ընդհանրապես պետք է չվերաբերվի: Ինչո՞ւ են հիմնականում թմրամոլները շահագրգռված այս հարցում»:

Դիտարկմանը՝ հաղորդումից հետո ոստիկանները կգան Ձեր հետևից և կասեն՝ ովքե՞ր են այդ թմրամոլները, նա արձագանքեց. «Իրենք լավ էլ գիտեն՝ ով է, ոնց է»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս