Մենք կցանկանայինք, որ ամեն ինչ ավելի արագ լիներ՝ համաձայն «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքի. ՀՀ-ում ՌԴ դեսպան

«Այս պահին Հայաստանի և Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունների միջև տարվում են շատ ինտենսիվ շփումներ ամենատարբեր ուղղություններով»,- նշեց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ լրագրողների խնդրանքով անդրադառնալով նախորդ օրը ՀՀ ՊՆ Վաղարշակ Հարությունյանի 102-րդ ռազմաբազայի ընդլայնման մասին հայտարարություններին:

Նա, սակայն, չմեկնաբանեց նախարարի հայտարարությունները՝ կրկնելով, որ քննարկվում են մեր երկրների և զինված ուժերի միջև տարբեր ուղղություններով փոխգործակցության ամրապնդման վերաբերյալ հարցեր, և իր ժամանակին համապատասխան տեղեկատվություն կլինի:

Դեսպանը տեղեկացրեց նաև՝ Ռուսաստանն աջակցում է Հայաստանի զինված ուժերի արդիականացմանը: Իսկ Ռազմագերիների վերադարձի հարցերով տարվող բանակցությունների մասին դեսպանը նկատեց.

«Այդ աշխատանքը տարվում է մշտապես, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության  բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ: Պարբերաբար հայտնվում են  տեղեկություններ նոր խմբերի վերադարձի մասին. Իհարկե, մենք կցանկանայինք, որ ամեն ինչ ավելի արագ լիներ՝ համաձայն «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքի, աշխատանքն ընթանում է. այն հեշտ չէ, սակայն աշխատանքն այդ հարցով ընթանում է համառորեն»:

Հարցին, թե երբ կսկսվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով ակտիվ բանակցությունները, Սերգեյ Կոպիրկինը պատասխանեց.

«Ինչքան ինձ հայտնի է՝ Մինսկի խմբի շրջանակներում աշխատանքներն ընթանում են, համանախագահները փոխադարձ շփման մեջ են, անցկացնում են պարբերական հանդիպումներ, գուցեև այցելեն տարածաշրջան: Գործընթացը չի դադարեցվել»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս