«Ամբողջ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ամենաբարձրն է՝ որևէ ղեկավար իր պաշտոնավարման ընթացքում նման վարկանիշ չի ունեցել». Ալեն Սիմոնյան
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի մեկնաբանությամբ՝ մինչև Անդրանիկ Քոչարյանի արտահայտած միտքը շրջանառելը, պետք է հաշվի առնել, որ ընդդիմության թե՛ գործողություններով, թե՛ հնչած բռնության կոչերով մենք գտնվում ենք շատ ծայրահեղ վիճակում։
«Ինչպես ինձ էիք նոր հետապնդում, շատ կուզենայի, որ այդպես հետապնդեիք Ընդդիմության ընդհանուր թեկնածու Վազգեն Մանուկյանին և մյուսներին ու այդ հարցադրումները տաք, որ ամեն հանրահավաքի ժամանակ բռնության, ապստամբության, շենքեր գրավելու կոչեր ու պատրաստակամություն են հայտնում։ Ինչ վերաբերում է պարոն Քոչարյանի ասածին, կարծում եմ՝ օրինակ, նոյեմբերի 9-ի գիշերը, այն գործողությունները, որոնք տեղի ունեցան և ուղղորդվում էին ընդդիմության տարբեր թևերի կողմից։ Դրանք կարող էին ավելի կոշտ արձագանք ստանալ և ԱԺ նախագահի կյանքին վտանգ չսպառնար, և կառավարության շենքում աշխատակիցների նկատմամբ բռնություն տեղի չունենար, չգիտես ինչու, որևէ մեկը չի խոսում խոսնակի նկատմամբ տեղի ունեցած բռնության մասին»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ «եթե մտածում են շենքեր գրավելու մասին, պետք է մտածեն նաև, որ շենքերը գտնվում են պետական պահպանության տակ, իսկ դա նշանակում է, որ պետությունը շենքերը չի պահում, պետականությունն է պահում, և նա մոնոպոլ իրավունք ունի կրակելու»
Ըստ Ալեն Սիմոնյանի, ՀՀ իշխանությունը պետք է գործի և գործի օրենքի սահմաններում, ինչպես եղել է հեղափոխությունից հետո։
Դիտարկմանը՝ այդ դեպքում ինչպե՞ս կբացատրի, որ 2018 թվականին իրենք էլ ներխուժեցին ռադիոտուն, Ալեն Սիմոնյանն ասաց, որ իրենց բոլոր ակցիաները կրել են խաղաղ բնույթ, չի եղել բռնության որևէ կոչ։
«Ռադիոտուն մտնելու կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, այս դեպքում նույնպես կհարուցվի քրեական գործ, և իշխանությունը կգործի իր լիազորությունների շրջանակում։ Եթե չեք մոռացել՝ ռադիոտուն մտնելիս ոստիկաններից մեկը փորձել է զենք կիրառել, վերջին պահին չի օգտագործել, տեսնելով, որ մարդիկ տրամադրված չեն որևէ բռնության։ Այն ժամանակ կար եթերի խնդիր, և ռադիոտունը համեմատել կառավարական առանձնատան, «Ազատություն» ռադիոկայան մտնելու ջարդելու հետ, այդ համեմատությունը անտեղի է, ռադիոտան օրինակը մի բերեք, այն շատ թույլ փաստարկված օրինակ է»,- լրագրողներին կոչ արեց ԱԺ փոխնախագահը։
Նա նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանին անվանեց «հին աճպարար»՝ բացատրելով, որ ներկայիս իշխանությունները որևէ պլանկա բարձրացնելու խնդիր չունեն։
«Կարծում եմ՝ պարոն Մանուկյանն իր քաղաքական կարիերան ևս մեկ անգամ ավարտել է, ուղղակի հիմա չեն ասում իրեն, որպեսզի տրամադրությունը չընկնի։ Ամբողջ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ամենաբարձրն է, որևէ ղեկավար իր պաշտոնավարման ընթացքում նման բարձր վարկանիշ չի ունեցել»,- հավելեց նա։