Ադրբեջանի կեցվածքը միջազգային նորմերով՝ հանցագործությունների մի փունջ է․ Լարիսա Ալավերդյան

«Եթե կարող էինք ասել, որ 1990-ական թվականներին Ադրբեջանը ոտնահարում էր միջազգային հումանիտար իրավունքի նորմերը, ապա այսօր հակադրվում են»,- ասուլիսի ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը։

Նրա փոխանցմամբ՝ Հայաստանը չի կարողանում օգտվել Հաագայի դատարանից, քանի որ չենք միացել այդ դատարանի կանոնադրությանը։ Սակայն երկրորդ խնդիրն այն է, որ Ադրբեջանը ևս չի միացել։

«Եթե մենք այսօր որոշենք, որ միանում ենք, Ադրբեջանը շատ ավելի լկտի կարող է իրեն պահել, որովհետև այդպիսի միացումը միայն կսահմանափակի Հայաստանի գործողությունները։ Իսկ մյուսը միջազգային դատարանն է, որտեղ դիմելը երկար գործընթաց է, պետք է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որը պետք է փաստերն ուսումնասիրող հանձնաժողով ուղարկի այստեղ, դրանից հետո կայացվում է ինչ-որ որոշում, որպեսզի դիմի միջազգային դատարան։ Դա բավականին երկար ճանապարհ է։

Եթե մենք  վերցնենք միջազգային դատական ատյանները, պատահական չէ, որ Հայաստանը գնում է ՄԻԵԴ-ի ճանապարհով։ Բայց որտեղ եմ ես տեսնում ՀՀ թերացումը։ Դա քաղաքական բոլոր այն դաշտերում է, որտեղ նա ոչ թե իրավունք ունի, այլ պարտավոր է դա անել, որովհետև մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումները միջազգային իրավունքի դեմ հանցագործություններ են։

Հիմա եթե նայենք Ադրբեջանի հետ մեր աշխատանքին, ուզում եմ հստակեցնել՝ Ադրբեջանի կեցվածքը միջազգային նորմերով՝ հանցագործությունների մի փունջ է։ Դա խաղաղության դեմ հանցագործություն է, ռազմական հանցագործություն է, մարդասիրության դեմ հանցագործություն է և ցեղասպանական։ Չորս տարբեր հանցագործություններ են։ Սակայն, այս ամենի հետ միասին՝ Ադրբեջանն այնքան ակտիվ է աշխատում բոլոր այդ դաշտերում, որտեղ որ մենք ուղղակի գոյություն չունենք՝ թեկուզև անդամակցում ենք»,- նշեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահը՝ հավելելով, որ Ադրբեջանի լկտի պահվածքը բացատրվում է նաև Հայաստանի՝ որպես պետության, վերին աստիճանի դատապարտելի պասիվությամբ։

Բանախոսը կարևորեց խորհրդարանի կողմից աշխարհի բոլոր պետությունների խորհրդարանների հետ աշխատելը։ Այն պետությունների, որոնք լավ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, և ոչ այնքան վատ՝ Հայաստանի հետ։

Պետք է աշխատեն նաև այն պետությունների հետ, որոնք բացարձակ կախվածություն չունեն թե՛ Թուրքիայից, թե՛ Ադրբեջանից։

Տեսանյութեր

Լրահոս