«Ես աշխատում եմ, ընդ որում՝ բավականին ակտիվ». ՀՀ արտգործնախարարը՝ իր պաշտոնանկության լուրերի մասին
ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ իր պաշտոնանկության վերաբերյալ լուրերին։
Նա հերքեց շրջանառվող լուրերը՝ նշելով. «Տեսնում եք, որ ես աշխատում եմ, ընդ որում, բավականին ակտիվ։ Աշխատում եմ ակտիվ ռեժիմով և խնդրում եմ ավելի լուրջ հարցեր տալ»։
Անդրադառնալով փետրվարի 15-ից Ադրբեջանի կողմից իր հսկողության տակ անցած դիրքերի որոնողական աշխատանքներն արգելելուն, Արա Այվազյանը նշեց, որ արդեն Ադրբեջանը բացատրություն տվել է՝ պատճառը կլիմայական վատ պայմաններն են եղել։
«Վստահ եմ, որ մոտ օրերս եղանակի բարելավման արդյունքում այդ աշխատանքները նորից կսկսվեն»,- հավելեց Արա Այվազյանը։
Նա վստահեցրեց, որ գերիների հարցը շարունակում է 24 ժամ մնալ իրենց ուշադրության ներքո, միջգերատեսչական հանձնախումբն աշխատում է բոլոր ուղղություններով։
«Եթե նկատել եք, գնալով միջազգային ճնշումն աճում է, և ինչպես ենթադրում էի՝ գերիների հայրենադարձության արհեստական խոչընդոտներ ստեղծելու Ադրբեջանի քաղաքականությունը կամաց-կամաց դառնում է գլխացավանք Ադրբեջանի համար։ Մենք լիահույս ենք, որ Ադրբեջանը կհրաժարվի այդ քաղաքականությունից և անհապաղ դրական լուծում լուծում կտա հումանիտար այդ կարևոր հարցին։ Փորձենք մի քիչ համբերությամբ լծվել և լավատես լինել, որ ամեն ինչ արվում է ոչ միայն մեր իշխանությունների կողմից, այլև մեր միջազգային գործընկերները շատ մեծ ջանքեր են գործադրում»,- շեշտեց արտգործնախարարը։
Անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցում արված հայտարարությանը, թե 2018 թվականին իրենց փոխանցվել են բանակցային գործընթացի բարենպաստ պայմաններ, Արա Այվազյանն ասաց.
«Տարբեր ժամանակներում եղել են հույսի շրջաններ, երբ բոլորիս թվացել է, որ կողմերը շատ մոտ են համաձայնության գալու և բանակցային եղանակով լուծելու հարցը։ Կարծում եմ՝ մեղքը ո՛չ համանախագահներինն է, ո՛չ էլ Հայաստանինը։ Շատ անգամ՝ կարող եմ վկայակոչել Կազանի գործընթացը, Ադրբեջանը վերջին վայրկյանին հանդես է եկել նոր նախապայմաններով։ Կարող եմ ասել, որ Ադրբեջանը պատրաստ չէր հարցի խաղաղ կարգավորման և երկար ժամանակ պատրաստվում էր պատերազմի»։